Երկաթուղային վթար Իսպանիայում. զոհերի թիվը հասել է 77-ի (թարմացված)

08:32 • 25.07.13

Իսպանիայում երեկ երեկոյան տեղի ունեցած երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 65-ի.տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը:


Համաձայն կառավարության հրապարակած տվյալների՝ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 131 մարդ։ Նրանցից 111-ի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն 20-ի վիճակը ծանր է գնահատվում։
 

Կառավարությունը տեղի ունեցածը դժբախտ պատահար է որակում։ Ինչպես հաղորդել է «Ռենֆե» տրանսպորտային ընկերությունը, Մադրիդից Ֆերոլ քաղաք մեկնող գնացքում եղել է 218 ուղևոր։ Տեղական ժամանակով ժամը 20։41-ին 8 վագոններն ու 2 լոկոմոտիվները դուրս են եկել ռելսերից։


Դեպքի վայր է այցելել երկրի վարչապետը։ Տուժածների ազգային պատկանելիության մասին տվյալներ դեռևս չկան։
 

Լրատվամիջոցների տվյալներով՝ վթարի պատճառը կարող է լինել թույլատրելի արագության գերազանցումը։ Այն հատվածում, որտեղ կարելի է երթևեկել 80 կմ/ժամ արագությամբ, գնացքն ընթացել է 180 կմ/ժամ արագությամբ։

 

 


10:26 Վթարի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է՝ հասնելով 77-ի։ Եվս 143 մարդ վիրավորվել է։ Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը՝ տարածաշրջանի դատարանի ներկայացուցչի հղումով։