«Բարև Երևանը»-ը պահանջելու է Տարոն Մարգարյանի հրաժարականը
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը պատրաստվում է դիմել դատարան՝ պահանջելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը, տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ մինչ այդ Վարչական դատարանում վիճարկելու են քաղաքապետի որոշումը ուղեվարձի թանկացման վերաբերյալ:
«Եթե կարողանանք ցույց տալ այդ գործընթացի անօրինական լինելը, դրան կհետևի նրա [Տարոն Մարգարյանի] պաշտոնանկության պահանջը»,- ասել է Անահիտ Բախշյանը՝ ավելացնելով, որ քաղաքապետի որոշման անօրինական լինելու հիմքերը կազմելու գործում իրենց խմբակցությանը օգնում են մի շարք մասնագետներ, գործող դատավորներ:
«Ամբողջովին բացահայտելու ենք այս իշխանությունների անգրագետ գործողությունների շարքը և սեփական շահերով առաջնորդվելու մոլուցքը: Ինչքան կերել եք, լափել եք, գոնե տեղ թողեք, որ հասցնեք մարսել: Ես ասում եմ՝ չե՛ք մարսելու, հասարակությունը թույլ չի՛ տալու», - ավելացրել է Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ երեկ Տարոն Մարգարյանը հանդես եկավ ուղերձով, որի ժամանակ հայտարարեց, որ կասեցնում է մայրաքաղաքում տրանսպորտի թանկացման մասին իր հուլիսի 19-ի որոշման գործողությունը՝ ուղեվարձ կրկին դարձնելով 100 դրամ։










