Երևանում հեծանվորդը կրակել և սպանել է տաքսու 33-ամյա վարորդին

15:46 • 26.07.13

Երևանի կենտրոնում այսօր գիշերը՝ անհայտ հեծանվորդը հրազենային վնասվածք է հասցրել տաքսու վարորդ 33–ամյա Վահան Հովհաննիսյանին, ով ստացած վնասվածքից հիվանդանոցում մահացել է, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը։
 

Ըստ կայքի՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում՝ «Մեղեդի» սրճարանի դիմաց, Վ. Հովհաննիսյանը, ով վարելիս է եղել BYD մակնիշի տաքսի ավտոմեքենա, դեռևս անհայտ պայմաններում վիճաբանության մեջ է մտել հեծանվորդի հետ, ու մինչ Վահանը ավտոմեքենայից դուրս կգար, հեծանվորդը կրակել է նրա վրա։

Երևան քաղաքի շտապ օգնության բրիգադը Վահանին տեղափոխում է հիվանդանոց, որտեղ էլ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է։ Նա ամուսնացած էր, ունի 2 աղջիկ՝ 7 և 3 տարեկան։
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության կենտրոնականի քննչականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: