Քաղաքապետարանում լուծում կգտնեն, եթե մի քիչ մտածեն. Հովհաննես Շահինյան
«Օրինաց երկիր» կուսակցության անդամ, Արաբկիր վարչական շրջանի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը համոզված է, որ եթե քաղաքապետարանում մի քիչ «ուղեղներին զոռ տան» և լուրջ մասնագիտական հաշվարկ կատարեն տրանսպորտի թանկացման հարցի լուծումը մեկ-երկու քայլի խնդիր է։
«Նախ հստակ հաշվարկ պետք է արվի, ոչ թե էմոցիոնալ մոտեցումներ ցուցաբերեն, պետք է տնտեսական հիմնավոր մասնագիտական հաշվարկ՝ հասկանալու համար, թե ինչը ինչի դիմաց է վճարում։ Այսինքն՝ հասկանանք մասնագիտական հիմնավորումը յուրաքանչյուրի շահադիտական հիմնավորումից, դրանք տարբեր բաներ են։ Եթե 100 դրամի դեպքում գծատերը պետք է 10 դրամ աշխատի, թող 10 դրամ աշխատի, բայց հարցը ոչ թե գծատերերի հետ պետք է լուծեն, այլ մեկ-երկու քայլ անեն և վերջացնեն։ Մի քիչ ուղեղներին զոռ տան, կտեսնեն պտուղները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հանդես եկավ ուղերձով, որի ժամանակ ասաց, որ կասեցնում է Երևանում հասարակական տրանսպորտը թանկացնելու մասին իր հուլիսի 19-ի որոշման գործողությունը։
Ըստ Հովհաննես Շահինյանի՝ վերջնական լուծման համար պետք է ընդամենը որոշեն և ամբողջ քաղաքային տրանսպորտի համակարգը ընդգրկեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ։
«Տրանսպորտի բավական լուրջ որոշումներ դեռ ունենք ընդունելու, սպասարկման ծառայության և եթե հիշում եք, մենք մեր քարոզարշավի ժամանակ նշում էինք, թե հասարակական տրանսպորտը ինչո՞ւ է հայտնվել մասնավոր ձեռներեցների տրամադրության տակ, ինչպես են կատարվում հաշվարկները, ինչպես է արտացոլվում գնային քաղաքականությունը և, ի վերջո, ինչպես են վերահսկվում այն գումարները, որոնք վճարում են մեր քաղաքացիները։ Եթե տրանսպորտը լինի քաղաքային ենթակայության տակ, Երևանին պատկանի, արդեն խնդիրների լուծումը պարզ կլինի»,-ասաց նա և համաձայնեց, որ տրանսպորտի կառավարման համակարգը թափանցիկ չէ։
«Դուք, եթե մի որևէ բան գնում եք, Ձեզ կտրոն են չէ՞ տալիս, և դա երևում է , իսկ տրանսպորտից օգտվելիս ո՞ւմ ենք մենք վճարում։ Չէի ցանկանա հետ գնալ, բայց չեմ էլ կարող չանդրադառնալ. երբ մենք ասում էինք, որ մենք պետք է ունենանք եռապատիկ, քառապատիկ ավելի բյուջե, չի նշանակում, որ դա պետք է մեր քաղաքացիների գրպանները մտնելով հավաքագրենք։ Այդ բյուջեն բազմաթիվ աղբյուրներ ունի, և եթե այսօր նույնիսկ այդ գումարը համարժեք է 150 դրամին, ապա ելնելով այսօրվա սոցիալ-տնտեսական իրավիճակից, այն պետք է մնար 100 դրամ և քաղաքապետարանն իր կողմից կատարեր սուբսիդավորումը»,- նշեց նա։
Երևանի քաղաքապետի ավագանու նախկին թեկնածուն նշեց, որ ամեն ինչն է թանկացել ու թանկանալու։ «Խնդիրն այն է, որ միայն տրանսպորտը չէ, հացի գինը, կշռե՞լ եք, նայե՞լ եք համապատասխանում են հացի չափերը գնին, միայն տրանսպորտը չի, տրանսպորտը դրանցից մեկն է»,- ասաց նա և նշեց, որ Երևանի ավագանին շատ անելիք ունի այս հարցում։
«Հիմա ինչո՞ւմ է կայանում նրանց գործառույթը, հո ասֆալտը տարին երեք անգամ քերելով չի՞, խաղալիք տոնածառներ ու կենդանիներ շարելով չի՞։ Այստեղ է պետք արդեն կառավարել, փորձը այստեղ է անհարժեշտ, լուծումներ գտնել։ Կարող են գտնել և պահել գումարի այդ չափը»,- եզրափակեց նա։










