Ցուցարարներն անժամկետ նստացույց են հայտարարում քաղաքապետարանի դիմաց (տեսանյութեր, ֆոտո)
Երևանի քաղաքապետարանի դիմաց այս պահին ընթանում է բողոքի ակցիա ընդդեմ տրանսպորտի թանկացման։
Ավելի վաղ Facebook-յան «Վճարիր 100 դրամ» էջում տարածվել էր հայտարարության տեքստը, որտեղ նշված են այն պահանջները, որոնք ներկայացվելու են քաղաքապետարանին։
Ցուցարարներ պահանջում են պատասխանատվության ենթարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ անօրինական որոշում ընդունելու և տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու, այնուհետև ժամանակավոր կասեցնելու համար։
Ակտիվիստները պահանջում են նաև պատասխանատվության ենթարկել և պաշտոնանկ անել Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «ԵրևանՏրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանին։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հանդես եկավ ուղերձով և հայտարարեց, որ կասեցնում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը թանկացնելու մասին իր հուլիսի 19-ի որոշումը։
Tert.am-ի հետ զրույցում ակտիվիստներից մեկը նշեց, որ իրենք պահանջում են, որ այս մեկ շաբաթվա ընթացքում անօրինական 50 դրամ ավելի վճարած գումարների դիմաց քաղաքացիները մեկ շաբաթ երթևեկեն 50 դրամով։
«Մենք 150 դրամի որոշման կասեցումը հաղթանակ չենք համարում, որովհետև դա ժամանակավոր է, իսկ մեզ պետք է, որ հստակ որոշում ընդունվի։ Իսկ եթե չեն կարողանում 100 դրամով արժանապատիվ տրանսպորտ ապահովել, ապա թող նոր մրցույթ հայտարարեն, և երթուղիները շահագործելու իրավունքը տան նրանց, ովքեր ի վիճակի են դա ապահովել»,-ասաց ակտիվիստը։
12.58
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի իրենց թույլ տան մտնել քաղաքապետարանի շենք և հանձնել իրենց նամակ–պահանջները։ Սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներից պահանջում է երաշխիքներ, որ նրանք չեն դիմի սադրանքների։
13.01
Ցուցարարների նամակը արդեն հանձնվել է քաղաքապետարանի համապատասխան բաժին։ Սակայն ակցիայի մասնակիցներն անժամկետ նստացույց են հայտարարում քաղաքապետարանի դիմաց մինչև կատարեն իրենց պահանջները։
13.40
Ոստիկաններն ու ցուցարարները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում. Ոստիկանությունը ցուցարարներին շարունակում է տեղեկացնել, որ նրանց գործողություններն անօրինական են և խոչընդոտում են քաղաքապետարանի կանոնավոր աշխատանքը։ Ցուցարարները հակադարձում են՝ ասելով, որ ոստիկանների քայլերն են անօրինական։ Ցուցարարների և ոստիկանների հայտարարությունները երկխոսության են վերածվել։










