ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովը ևս կոչ է արել «նախորդ տարիների օգնության չափով» ֆինանսական օժանդակություն հատկացնել ԼՂ-ին
ԱՄՆ-ի Սենատի (օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի վերին պալատն է) արտաքին հատկացումների հանձնաժողովը երեկ ձայների 23 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել 2014թ. ֆինանսական տարվա Օտարերկրյա հատկացումների մասին օրինագծի սեփական տարբերակին, որում խոսվում է նաև Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of America) մամուլի ծառայությունը, օրինագծին կից հաշվետվությունում Հանձնաժողովն առաջարկում է «նախորդ տարիներին հատկացված գումարի չափով ֆինանսական օգնություն տրամադրել ղարաբաղյան հակամարտության հետևանքով տուժածներին, ինչպես նաև հակամարտությունից բխող կարիքները (խոսքն ինչպես ԼՂ-ի, այնպես էլ ադրբեջանական կողմի մասին է: ԱՄՆ-ն վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղին տարեկան 2 մլն ամերիկյան դոլար է հատկացնում-Tert.am) հոգալու համար»: Հանձնաժողովականները նաև հայ և ադրբեջանական կողմերին կոչ են անում հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով:
Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովի օրինագծում խոսվում է նաև հարավկովկասյան երկրներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին, սակայն օժանդակության հստակ չափը մատնանշված չէ:
«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Մարկ Քիրքին և Պետական և օտարերկրյա գործառնությունների ենթահանձնաժողովում և հանձնաժողովում նրա գործընկերներին՝ 2014թ-ի ֆինանսական տարվա բյուջեի նախագիծն ընդունելու և Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օժանդակություն տրամադրելու անհրաժեշտությունը կարևորելու համար-հայտարարել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:-Օրինագծին կից փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ օգնության ծրագիր ներառելը մեծ նշանակություն ունի՝ հատկապես արտաքին հատկացումների կրճատումների համատեքստում»:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը նաև մտահոգություն է հայտնել, որ հանձնաժողովն առաջին անգամ չի հստակեցրել Հայաստանին հատկացվելիք օգնության չափը: «Միաժամանակ մեզ մտահագում է այն, որ Օտարերկրյա օգնության օրինագծի Սենատի տարբերակում, ինչպես որ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովի օրինագծում, Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ մատնանշված չէ Հայաստանին հատկացվող օգնության հստակ չափը»,-հայտարարել է Համբարյանը:
Երեկ տեղի է ունեցել նաև Կոնգրեսի վերին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովի նիստը, որի ժամանակ հանձնաժողովականները վավերացրել էին Օտարերկրյա հատկացումների մասին օրինագծի իրենց տարբերակը...Այդ փաստաթղթում ևս կոչ էր արվում «նախորդ տարիների ֆինանսական օգնության չափով» գումար հատկացնել ԼՂ հակամարտության հետևանքով տուժածներին, Հայաստանին տրամադրվելիք օգնության չափը, սակայն, այստեղ էլ հստակեցված չէր:
Վերոհիշյալ օրինագծերն այժմ պետք է քննարկման դրվեն համապատասխանաբար Սենատում և Ներկայացուցիչների պալատում: Դրանից հետո Սենատի և Ներկայացուցիչների պալատի նախագծերում առկա տարբերությունները համաձայնեցնելու համար ստեղծվելու է համաձայնեցնող հանձնաժողով, որի ընդունած միասնական նախագիծը կրկին քվեարկության է դրվելու Կոնգրեսի երկու պալատներում և հավանության արժանանալուց հետո ներկայացվելու է նախագահ Բարաք Օբամայի վավերացմանը:
Հավելենք, որ յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ն ֆինանսական օգնություն է տրամադրում Արցախի Հանրապետությանը: Վերջին մի քանի տարվա ընթացքում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գրասենյակը (ՄԶԳ) Լեռնային Ղարաբաղին տարեկան տրամադրել է 2 միլիոն դոլար ֆինանսական օգնություն: 2013թ. ապրիլին ամերիկացի 20-ից ավելի կոնգրեսականներ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի և Մայքլ Գրիմի գլխավորությամբ, նամակ էին հղել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովի պետական և օտարերկրյա գործառնությունների ենթահանձնաժողովին և կոչ արել ավելացնել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության չափը՝ դարձնելով 5 միլիոն դոլար:










