«Վճարելու ենք 100 դրամ» ակցիայի անդամները չեն ընկրկում. գիշերն անցկացրել են քաղաքապետարանի առջև (տեսանյութ)
«Վճարելու ենք 100 դրամ» շարժման շուրջ 15 մասնակիցներ, ովքեր պահանջում են պատժել քաղաքապետ Տարոն Մարգարյանին և պաշտոնանկ անել քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին՝ անցած շաբաթ տրանսպորտի գինը 50 դրամով թանկացնելու համար, անժամկետ նստացույցի շրջանակում գիշերն անցկացրել են Երևանի քաղաքապետարանի առջև: Մասնակիցներից Վահագնը առավոտյան Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ գիշերը ոստիկանությունն ապահովել է իրենց անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանումը:
Մեր հարցին, թե գիշերվա ընթացքում որևէ միջադեպ չի գրանցվե՞լ, նա պատասխանեց.
«Գիշերը ուշ ժամի՝ 2-ի կողմերը, խոտերը ջրելու շատրվանները միացան, ջրցան մեքենան էլ երևի 6 անգամ պտտվեց էս տարածքում ու մեզ լավ ջրեցին»,- պատմեց նա:
Վահագնը նշեց, որ քիչ հետո իրենց կմիանան շարժման մյուս մասնակիցները, բայց թե ե՞րբ՝ չգիտեր, քանի որ շարժումն ապակենտրոնացված է և առաջնորդվում է մի սկզբունքով.
«Ով՝ ինչ առաջարկություն ունի, բարձրաձայնում է, ու եթե միացողեր կան առաջարկին, տվյալ խումբը գնում է այդ առաջարկը իրականացնելու»,- ասաց նա:
Հարցին, թե որքանո՞վ է հիմնավոր այսօրվա մամուլում զետեղված այն տեղեկությունը, թե շարժման մասնակիցների միջև պառակտում է սկսվել, Վահագնը ևս մեկ անգամ ընդգծեց, որ սա ապակենտրոնացված շարժում է, և պառակտում երևույթն իրենց ներսում ընդհանրապես գոյություն չունի:
«Այդ ապակենտրոնացվածությունը, կարծում եմ, ցայտնոտի մեջ է գցել և շփոթություն է առաջացնում ինչ-որ շրջանակների մոտ, որոնք փորձում են արատավորել ու ցեխ շպրտել շարժման վրա»,- ասաց նա:
Նշենք, նաև, որ Երևանի քաղաքապետարանի շենքի առջև էին մի շարք ոստիկաններ, ինչպես նաև՝ տարածքի մաքրման աշխատանքներ էին ընթանում:










