Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում չի կայացել, բայց սկսում է զբաղեցնել այն տեղը, որն իրենն է
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ քաղաքացիական հասարակությունը դեռ վերջնական չի կայացել, սակայն քայլ առ քայլ սկսում է զբաղեցնել այն տեղը, որն իրենն է։ Ըստ քաղաքագետի՝ միամիտ կլինի մտածել, թե քաղաքացիական հասարակությունը կարող է փոխարինել քաղաքական ուժերին։
«Քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը քաղաքագիտորեն տարբեր հասկացություններ են, տարբեր շահեր ունեցող միավորումներ են և տարբեր գործառույթներ են կատարում։ Քաղաքացիական հասարակության շահը և նպատակն է՝ հակակշռել պետական իշխանությանը, քաղաքական ուժի նպատակը իշխանության գալն է: Ի սկզբանե երկուսի նպատակներն էլ տարբեր են, և նրանք չեն կարող մեկը մյուսին փոխարինել։ Այն քաղաքացիական հասարակությունը, որը կմտնի քաղաքական ուժերի դաշտ՝ չփոխելով իր նպատակը, կդառնա ամորֆ մարմին, որը չի ուզում իշխանության գալ, ծրագրեր իրականացնել, այլ ընդամենը հակակշռել է ուզում»,- Tert.am-ի հետ զրույցում բացատրեց Ստյոպա Սաֆարյանը։
Քաղաքացիական հասարակությունը կատարում է այն գործը, որն իրենից լավ որևէ մեկը չի անի՝ նշեց Ստյոպա Սաֆարյանը՝ ավելացնելով, թե այլ բան է, որ քաղաքացիական հասարակությունից ծնվեն քաղաքական ուժեր, ինչպես օրինակ՝ Նախախորհրդարանն է։
Միևնույն ժամանակ Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ տրանսպորտի թանկացման դեմ պայքարում քաղաքացիական հասարակության նվաճած արդյունքն անշուշտ մի քայլ առաջ է, բայց դա չի նշանակում, թե արդեն կայացել է։
«Անշուշտ այն, ինչ արեց հասարակությունը, հրաշալի էր, բայց դեռևս ասել, որ քաղաքացիական հասարակությունը կայացած է Հայաստանում, այդպես չէ, և այն իր ճանապարհն է անցնելու, ինչպես և բոլորը՝ և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական, և՛ պետական ինստիտուտները»,- նշեց նա և ավելացրեց, որ այս դասը որոշ պաշտոնյաներին որոշում ընդունելուց առաջ կստիպի հաշվի առնել հասարակության կարծիքը։
«Ով հաշվի չի նստում, նա ստիպված է հաշվի առնել, իսկ ովքեր հաշվի են առել, շարունակելու են հաշվի առնել, այնպես որ, իհարկե, սրանից հետո յուրաքանչյուր պաշտոնյա ինքն ավելի շատ կմտածի, թե ինչի կհանգեցնի այդ որոշումը, ուստի նախադեպային առումով այս ձեռքբերումը շատ արժեքավոր է»,- նշեց նա։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն էլ համակարծիք է, որ թեև որպես նախադեպ՝ տեղի ունեցածն արժեքավոր ձեռքբերում էր հասարակության համար, բայց դա չի նշանակում, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում կայացել է։
«Պետք է հասկանանք, որ քայլ-քայլ է լինելու քաղաքացիական հասարակության ձևավորումը, արդեն կա դրա ամուր հենարանը, ձևավորված է պրոցեսը։ Վստահ եմ, որ պայքարը երիտասարդները կշարունակեն»,- ասաց նա և նշեց, որ արդեն իսկ երիտասարդները հավաքվել են քաղաքապետարանի առջև և հստակ պահանջներ ներկայացրել, որպեսզի վերացնեն նաև հետևանքները, ինչպես, օրինակ, շաբաթվա ընթացքում հասարակությունից գանձված անօրինական գումարները հանրությանը վերադարձնելը։
«Այսինքն՝ նորմալ պրոցես է, որոնք որոշակի ժամանակի ընթացքում շոշափելի օգուտներ կբերի հասարակությանը»,- ասաց նա և նշեց, որ խոսել քաղաքական միավորման մասին, դեռ շուտ է։
«Տեսանք, որ հանրության մեջ առկա է պոտենցիալ սոլիդարություն դրսևորել իրար նկատմամբ, մարդիկ անտարբեր չեն կենսական նշանակություն ունեցող շահերի պաշտպանության հարցերում, այսինքն՝ այն տեսակի բոլոր սոցիալական գնահատականները, երբ ասում էին, թե իբր հայ մարդը չի կարող իր իրավունքները պաշտպանել, չունի նման վարքագիծ և կարողություն, այդ բոլոր տեսակի կարծրատիպերը և պնդումները հերքվեցին այս 6 օրվա ընթացքում, քանի որ հանրության զգալի մասը ցուցաբերեց հրաշալի քաղաքացիական դիրքորոշում, և այդ միասնությունը վախեցրեց ռեժիմին, տեսանք, որ ռեժիմը փորձեց այդ շարժումը իր որոշումով կասեցնել և փորձել ժամանակ շահել»,- նշեց նա։
Այսքանով հանդերձ Ղուկասյանը չի կարծում, որ այս նախադեպը դաս կլինի իշխանություններին՝ հաշվի նստելու իրենց հետ։
«Չեմ կարծում, որ քրեական օլիգարխիան կփոխի իր վարքագիծն էապես, իրենց աշխարհայացքը: Սա մի ռեժիմ է, որ ապրում է հանրության հաշվին, և հանրության հետ հաշվի նստելն իրենց համար բացառված երևույթ է, դա կփշրի նրանց հենարանը։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ կմտնենք մի փուլ, որ տեսնելու ենք, որ ձևական բնույթի երևույթները շատանալու են և՛ կառավարությունը, և՛ պետական ինստիտուտները թվացյալ բաց և ժողովրդավարական քայլեր են անում։ Դա հնարավոր է որոշակի ժամանակ լինի, դրան պետք է պատրաստ լինել, որ ճիշտ պատասխան տալ և չխաբվել նման երևույթների վրա»,- եզրափակեց նա։










