Քաղաքացիական պայքարն ավելի հզոր է, եթե քաղաքացին է գլխավոր դերակատարը, ոչ թե քաղաքական ուժը. Զոյա Թադևոսյան

14:00 • 27.07.13

Զոյա Թադևոսյանը համամիտ չէ այն մտքի հետ, թե Հայաստանում որոշ չափով ձևավորված քաղաքացիական հասարակությունն ընդունակ է ավելիին, քան ցանկացած կուսակցություն կամ բոլոր կուսակցությունները միասին վերցրած։ «Քաղաքացիական գիտակցությունը քաղաքացու մեջ միշտ էլ քաղաքական պայքարի արդյունքում է ձևավորվում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը, բայց այնուհանդերձ ավելացրեց, որ քաղաքացիական պայքարն ավելի հզոր է, եթե քաղաքացին է գլխավոր դերակատարը, ոչ թե քաղաքական ուժը։

«Եթե որևէ մեկը կասի, որ քաղաքացին կարող է ձևավորվել ինքնին՝ առանց ունենալու քաղաքական պայքարի գոնե տեսանելի անցած ճանապարհ, առանց ականատեսը լինելու քաղաքական պայքարի, ես դրան չեմ հավատա: Քաղաքացին անպայման ձևավորվում է ինչ-որ պայքարի արդյունքում: Եթե քաղաքացին տեսնում է քաղաքական ուժերի պայքարի արդյունքում անհատի ձևավորման որոշակի գործընթաց, իր համար որպես չափանիշ է ընդունում և փորձում է նմանվել դրան: Կարծես թե այստեղ էլ ձնագնդիի էֆեկտով ձևավորվում է քաղաքացին»,- ասաց նա:

Զոյա Թադևոսյանն ընդգծեց, սակայն, որ հասարակության մեջ շատ ու շատ անհատներ կան, որ որևէ կուսակցության չեն հարում, չեն էլ համակրում, բայց որպես քաղաքացի ասելիք ունեն:

«Այդ ժամանակ քաղաքացիական պայքարները ավելի մեծ ու հզոր են դառնում, քան կուսակցությունների դերն ու նշանակությունն է լինում: Այսպես է բոլոր զարգացած երկրներում, որտեղ քաղաքացին է գլխավոր դերակատարը, ոչ թե քաղաքական ուժը»,- ասաց նա և ընդգծեց, որ այս երևույթի զարգացումից ինքը՝ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, իրեն նսեմացած չի զգում:

Միևնույն ժամանակ Զոյա Թադևոսյանն ընդգծեց, որ փողոցային վերջին պայքարի ընթացքում՝ տրանսպորտի սակագնի բարձրացման առիթով, ՀԱԿ երիտասարդությունը բավականաչափ ակտիվ է եղել:


«Մեր երիտասարդները իրենց չեն սահմանազատել պայքարող երիտասարդությունից, քաղաքացի հասկացությունից և ակտիվ պայքարել են բոլորը միասին: Եթե ես չեմ եղել փողոցում կանգնած ՝ պաստառը ձեռքիս, ապա աշխատել եմ այն բնակչության հետ, ովքեր նստում են տրանսպորտ, հորդորել եմ, կոչ եմ արել՝ չվճարել 150 դրամ: Մենք չենք ուզում մեր աշխատանքը դառնա թատերական ներկայացում, որին հանդիսատեսը անպայման պետք է ականատես լինի»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենք աշխատում են, և այդ աշխատանքը բավական լավ արդյունքներ է տալու:

Եթե ընդդիմությունն ակնհայտ գործողություններ չի անում՝ հանրահավաք, ցույց, ապա նրան չի կարելի մեղադրել պասիվության մեջ: ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր կարծիքով ընդդիմությունը պասիվություն չի՞ ցուցաբերում վերջին շրջանում:

«Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը պասիվ է, ընդդիմությունը միշտ էլ ակտիվ է: Ընդդիմությունը մշտապես աշխատում է՝ ամենօրյա ռեժիմով. կուսակցության ներքին աշխատանքներ՝ ժողովներ հրավիրելու, ակտիվի հետ աշխատելու և պայքարի մեթոդների շուրջ տարբեր համաձայնությունների գալու առումով: Ւսկ, եթե դիտարկում ենք միայն փողոցային պայքարի տեսանկյունից, ապա չեմ կարծում, որ դա ընդդիմության պայքարի միակ գնահատականը պետք է լինի»,- ասաց նա: