Լեդի Հակոբի եղբորորդու տնից հայտնաբերվել է մի քանի միլիոն դոլար և դրամ

00:16 • 28.07.13

 

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբ», եղբորորդի Վարդան Հակոբյանի բնակության վայրում և աշխատավայրում կատարված խուզարկություններն անուղղակիորեն առնչվում են Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Անդրանիկ Զատիկյանի հանկարծակի մահվան հետ: Այս մասին հաղորդում է ՓԱՍՏԻՆՖՈ-ն:
 

Ինչպես հայտնի է, բուն մահվան փաստով հարուցված գործը կարճվել էր, սակայն փոխարենը գործ էր հարուցվել Անդրանիկ Զատիկյանին թմրամիջոցներ իրացնող անձին հայտնաբերելու համար: Այդ գործի շրջանակներում էլ, ըստ ՓԱՍՏԻՆՖՈ-ի տեղեկությունների, վարկածներից մեկը եղել է այն, որ թմրամիջոցներից մահացած Ա.Զատիկյանին թմրամիջոցներ է իրացրել Վ.Հակոբյանը: Ի դեպ, Վարդան Հակոբյանի մյուս եղբայրը` Ստեփան Հակոբյանը մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի մյուս եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:

Այսօր խուզարկություններ են կատարվել Վ. Հակոբյանի հորը՝ Սիմոն Հակոբյանին պատկանող տարածքում, Վ. Հակոբյանի տանն ու աշխատավայրում: Ըստ կայքի տեղեկությունների՝ թմրամիջոցներ չեն հայտնաբերվել, փոխարենը հայտնաբերվել են ՏՕԶ տեսակի փամփուշտներ և մեծ քանակությամբ գումար` մի քանի միլիոն դոլար և դրամ:

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավորի հիշյալ եղբորորդին այսօր BMW X5 ավտոմեքենայով Մալաթիա փողոցում հարվածել էր միանգամից 5 մեքենայի, փախել դեպքի վայրից, որից հետո փախուստի էր դիմել նաև տնից, երբ ոստիկանները օպերատիվ գործողություններ իրականացնելով՝ գնացել էին փախստականին գտնելու: Վ. Հակոբյանը չէր ընկրկել անգամ ոստիկանների նախազգուշական կրակոցներից և փախել էր նաև սեփական տնից: