Ակտիվիստների պայքարի հիմնական գործիքը կշարունակի մնալ նստացույցը, բայց այլ քայլեր էլ կլինեն (տեսանյութ, լուսանկարներ)

12:29 • 29.07.13

Երևանի քաղաքապետարանի առաջ նստացույց հայտարարած երեք երիտասարդները, չնայած համարում են, որ իրենց պահանջները պարտադրելու հիմնական գործիքն առայժմ նստացույցն է, բայց հավատացնում են, որ նստացույցին զուգահեռ այլ քայլեր են կլինեն, որոնց մասին նախապես կտեղեկացնեն ։


Tert.am-ի հետ զրույցում նստացույցի մասնակից Վահագն Մինասյանը նշեց, որ այսօր շաբաթվա սկզբին քաղաքապետարանի աշխատակիցները աշխատանքի գալով ուշադրություն չեն դարձրել իրենց, բացառությամբ «Բարև Երևան» խմբակցության ավագանու անդամ Անահիտ Բախշյանի և մի տիկնոջ, ով մոտեցել է նրանց և շնորհակալություն հայտնել։


«Այսօր մենք հայտարարություն ենք տարածել, այնտեղ մանրամասն ներկայացրել ենք մեր պահանջները»,- ասաց Վահագն Մինասյանը։


Հիշեցնենք, որ ակտիվիստները պահանջում են տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները։ Նշենք նաև, որ ըստ ԶԼՄ-ներով տարածված տեսանյութի՝ Հենրիկ Նավասարդյանը հայհոյել էր լրագրողին, իսկ Միսակ Համբարձումյանը, ըստ ակտիվիստների՝ խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ է հրահրել, չարաշահել է իր լիազորություններն ու քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ է դրսևորել։


Նրանք իրենց հայտարարությունում, մասնավորապես, նշել են. «Քաղաքապետարանի տրանսպորտի պատասխանատուների պաշտոնանկությունը սկզբունքային հարց է մեզ համար:
Կրիմինալը ներթափանցել է քաղաքապետարան: Մենք` ՀՀ քաղաքացիներս, Երևանի տրանսպորտի սակագների թանկացման ապօրինի որոշման կասեցումից հետո նստացույց հայտարարելով քաղաքապետարանի դիմաց`


1. Պահանջում ենք պաշտոնանկ անել տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին: Այս պահանջի վրա կենտրոնացումը բոլորովին չի նշանակում, որ անտեսվում են հանրային տրանսպորտին վերաբերվող «Վճարում ենք 100 դրամ»-ի մյուս պահանջները: Այս պայքարի ընթացքում մենք ունեինք խնդիր, որը միահամուռ ուժերով կարողացանք ժամանակավորապես կասեցնել: Այդ գործընթացի ժամանակ հանրությանը փորձում էին խոչընդոտել մարդիկ, որոնց ղեկավարում էին Հենրիկ Նավասարդյանը և Միսակ Համբարձումյանը: Ակցիաների խափանման գործում նրանք աչքի էին ընկնում քրեական տարրերին բնորոշ գործելաոճով:


Սույն պաշտոնյաները տվյալ ոլորտում հանդիսանում են առանցքային կերպարներ և նման մարդկանց գոյությունն իսկ հնարավոր ստեղծվելիք հանձնաժողովներում վտանգի տակ է դնում հանրության շահերի պատշաճ պաշտպանությունը որոշումների կայացման ժամանակ: Նման արժեհամակարգով անձինք իրավունք չունեն, ոչ միայն գտնվել այդպիսի պատասխանատու պաշտոններում, այլև ընդհանրապես մոտ լինել պետական կառավարման որևէ օղակի: Մենք չենք կարող հանդուրժել, որ քաղաքացուն ծեծող, հայհոյող, արհամարհող անձը շարունակի պաշտոնավարել: Այդ պաշտոնյաների հեռացումը պետք է դառնա նախադեպ հաճախակի հանդիպող անպատժելիությունը կանխարգելելու համար:


2. Պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից անհապաղ գրավոր և մանրակրկիտ արձագանքել «Վճարում ենք 100 դրամ»-ի ներկայացված պահանջագրին: Այդ պատասխանի տրամադրումը բխում է օրենքի պահանջներից:
Վերահաստատում ենք, որ նստացույցի նպատակներին հասնելու համար վճռական ենք և այն տևելու է այնքան ժամանակ, մինչև մեր պահանջները կատարվեն:
Մեր բոլոր գործողություններն ուղղված են ապօրինություն գործած պաշտոնյաների պաշտոնանկությանը և Երևանում հանրային տրանսպորտի ոլորտի արմատական բարեփոխմանը:


Ի դեպ, մեր զրույցի ժամանակ տղաներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Հետաքրքրվեցինք, թե ինչ էր ասում նրանց, պարզվեց զգուշացնում էր, որ քիչ հետո այգու ոռոգման համակարգը պետք է միանա և որպեսզի տղաները չթրջվեն, լավ կլինի ավելի հեռու կանգնեն։


Բացի այդ, պարզվեց հենց փոխոստիկանապետն էր ակտիվիստներին տեղեկացնում, որ քաղաքապետարանում հանձնաժողով է ձևավորվում տրանսպորտի թանկացման հարցը քննարկելու համար, և որոնց մեջ փորձելու են նաև ակտիվիստներին ներգրավել ։


«Ես իմ անունից կարող եմ ասել, որ քաղաքապետարանի հարցի քննարկմանը ես չեմ մասնակցի առայժմ, քանի դեռ պահանջը չեն կատարել, այս մարդկանց հետ (մատնացույց է անում պաշտոնյաների նկարները, որոնց հրաժարականը պահանջում են) նստել և հարց քննարկել ես չեմ պատրաստվում»,- ասաց նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը և ավելացրեց, թե չի կարծում, որ մնացած վարչության պետերը քաղաքացու շահերին միտված քաղաքականություն են վարում։


«Ամեն դեպքում մենք չենք պատրաստվում նստել քրեական բարքեր ունեցող անձանց հետ կլոր- սեղանի շուրջ»,- իր կողմից լրացրեց Վահագն Մինասյանը։