Տրանսպորտը կարող է գերշահույթ ստանալ անգամ 92 դրամ սակագնի դեպքում. Բաբկեն Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի գնի թեմային, ասաց, որ նույնիսկ ամռան արձակուրդային այս շրջանում, երբ ուղևորահոսքն այդքան էլ մեծ չէ, հասարակական տրանսպորտը շահույթով է աշխատում:
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը հաշվարկներ է արել, և ինքը կարող է պնդել, որ ներկայումս անգամ 92 դրամի պարագայում տրանսպորտը կարող է աշխատել գերշահույթով:
«Քաղաքապետարանի հաշվարկները վերլուծելիս կարելի է տեսնել, որ նրանք հաշվարկել են այնպես, որ օրինակ՝ Էրեբունիից Ավան գնացող երթուղի ամեն անգամ փոխադրում է 14 մարդ: Բայց գոյություն ունի երթուղային բարձրացող և իջնող ուղևորների ինդեքս: Այն առնվազն 1.5 է: Այսինքն՝ հնարավոր չէ, որ ամեն անգամ մարդիկ նստեն սկզբում ու իջնեն վերջում: Ընթացքում տասնյակ մարդիկ են բարձրանում ու իջնում»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը նաև մտահոգություն հայտնեց, որ առաջիկայում քաղաքապետարանում ստեղծվելիք հանձնաժողովում, որը պետք է զբաղվի տրանսպորտի սակագնի հարցով, կարող են ընդգրկվել այն շահագրգիռ կողմերը, ՀԿ-ները, որոնք մասնակցել են նախորդ հանձնաժողովի աշխատանքներին և չեն կարողացել անհրաժեշտ փաստարկներ ներկայացնել տրանսպորտի գինը չթանկացնելու համար:
«Մենք մի քանի անգամ մեր վերլուծությունը ներկայացրել ենք քաղաքապետարանին, բայց մնացել է անարձագանք: Հիմա մենք չենք ուզում գնալ, դիմել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար, բայց եթե հրավիրեն, իհարկե, կմասնակցենք»,– ասաց նա:
Նրա խոսքով՝ հանձնաժողովում կարող է ընդգրկվել ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, որը, սակայն, հնարավոր է, որ չկարողանա բավարար փաստարկներ ներկայացնել:
«Իրենք կարող են օգտվել մեր վերլուծություններից: Բայց քաղաքապետարանը ևս պետք է կամք դրսևորի»,- ասաց նա:










