Հունաստանում թմրամոլների շրջանում տարածում է գտել մեքենայի մարտկոցի հեղուկից ստացվող նոր էժան թմրամիջոցը

22:05 • 29.07.13

Հունաստանում արագորեն տարածվում է «Սիսա» կոչվող սինթետիկ թմրամիջոցը, որի մեկ չափաբաժնի արժեքը կազմում է 2 եվրո, ինչն էլ այն դարձնում է առավել մատչելի և վտանգավոր, հայտնում է Russia Today-ը:


Ֆինանսական ճգնաժամը և բյուջետային ծախսերի կրճատումը Հունաստանում բացասական ազդեցություն են թողնում երկրի բնակիչների առողջության վրա, նշում է աղբյուրը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ ճգնաժամի ի հայտ գալուն պես Հունաստանում ավելացել է թմրամոլների թիվը, որոնցից շատերը թմրանյութի գումար վաստակելու համար դիմում են մարմնավաճառության:


Հունական շուկայում հայտնված նոր թմրամիջոցը գրավում է սպառողներին իր մատչելի գնով մի երկրում, որտեղ յուրաքանչյուր չորրորդը գործազուրկ է: Այս թմրամիջոցը ստանում են մեքենայի մարտկոցի հեղուկից և այլ քիմիական նյութերից, ինչը վտանգավոր է առողջության համար: Այն օգտագործողները չեն կարողանում քնել և ուտել, նշում է աղբյուրը: