Իրաքում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 49-ի

12:31 • 29.07.13

Իրաքում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի։ Ինչպես հայտարարել է երկրի ոստիկանության ներկայացուցիչը, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, 9 ականապատ ավտոմեքենաներ պայթեցվել են մայրաքաղաք Բաղդադի շիական թաղամասերում, ինչպես նաև Ալ-Մահմուդիա, Ալ-Քութ, և Էս-Սամավա քաղաքներում։
 

Ոչ մի ծայրահեղական խմբավորում դեռ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։
 

Ընդհանուր առմամբ, այս ամսվա ընթացքում Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 760 մարդ։  Տարվա սկզբից Իրաքում գրանցվել է 4000 զոհ։


Տեղի դիտորդները զգուշանում են, որ երկրում երեք հիմնական էթնիկ և կրոնական հանրությունների՝ քրդերի, սուննի արաբների և շիա արաբների հակամարտությունը կարող է վերածվել լիակատար քաղաքացիական պատերազմի։
 

Ավելի վաղ պայթյունի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել էր իրաքյան Քիրկուկից գազի մատակարարումը դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ։