Իսրայելն ու Պաղեստինը վերսկսում են բանակցությունները
Իսրայելն ու Պաղեստինը վերադառնում են բանակցություններին, որոնք ընդհատվել էին 3 տարի առաջ. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, հանուն գործընթացի վերականգման՝ Իսրայելը համաձայնել է ազատ արձակել 104 ձերբակալված պաղեստինցու։
Բանակցություններն Իսրայելի և Պաղեստինի պատվիրակությունների միջև կվերսկսվեն այսօր՝ Վաշինգտոնում. այդ մասին տեղեկացրել է BBC-ն՝ ԱՄՆ պետքարտուղարության հղումով։
Երկուշաբթի երեկոյան կկայանա նախնական հանդիպումը, իսկ երեքշաբթի, եթե ոչինչ չխանգարի, լուրջ բանակցություններ կընթանան։
Իսրայելի պատվիրակությունը ղեկավարում է արդարադատության նախարար Ցիպի Լիվնին, իսկ պաղեստինյան կողմին ներկայացնելու են բանակցողներ Սաիբ Էրիքաթը և Միհամմեդ Շթայեխը։
Բանակցությունները վերսկսելու մասին հայտարարությունները տարածվել են մի քանի ժամ անց այն բանից, երբ Իսրայելը հայտարարել էր 104 պաղեստինցիներին ազատ արձակելու խոստման մասին։
Դեռևս շաբաթ օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բաց նամակով դիմել էր ժողովրդին, որում տեղեկացրել էր, որ Իսրայելը մերժել է հիմնական պահանջները։










