Երիտասարդ գիտնակաները լավ աշխատելու դեպքում հեռանկար ունեն Հայաստանում. Լևոն Մադոյան

15:10 • 29.07.13

Գիտության պետական կոմիտեի Գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լևոն Մադոյանը համոզված է, որ երիտասարդ գիտնակաները լավ աշխատելու դեպքում հեռանկար ունեն հենց Հայաստանում։


Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա թվարկեց այս ոլորտում արած աշխատանքները և հիշեցրեց, որ կառավարության կողմից հաստատվել է Գիտության պետական կոմիտեի կողմից ստեղծված «Գիտության երիտասարդացման ծրագիրը»։


«Պետությունն այսօր իր բյուջեի սահմաններում ստեղծում է նման պայմաններ, կառավարությունը հաստատել է «Գիտության երիտասարդացման ծրագիրը», որով նախատեսվում է որոշակի գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն։ Բացի այդ, կարևորը երիտասարդ գիտնականը պետք է իմանա, թե ինչ է իրենց սպասում ապագայում։ Դրա համար Կոմիտեն ստեղծել է ծրագիրը, որտեղ կոնկրետ երևում է այդ հեռանկարը»,- ասաց նա և նշեց, որ դրա համար առաջին պայմանը լավ աշխատելն է։


Լևոն Մադոյանը հատկապես առանձնացրեց արդյունավետ աշխատող գիտաշխատողների աջակցության նպատակով հավելավճարներ տալու ծրագիրը, որն անցկացվում է ամեն տարի։ Ըստ նրա, նախորդ տարի ծրագրով ֆինանսավորել են 97 գիտաշխատողի։


«Այս տարի նույնպես արդեն մրցույթն անց է կացվել։ Երիտասարդների համար կարևոր քաղաքականություն է, որովհետև նրանք տեսնում են իրենց ավագ ընկերները, կոլեգաները, բացի սովորական աշխատանքից, դրամաշնորհներից ստանում են 100 000 դրամի կարգի ամսական հավելավճար, դա նշանակում է, որ եթե իրենք էլ նորմալ աշխատեն կընդգրկվեն այդ ցուցակների մեջ»,- ասաց նա։
 

Լևոն Մադոյանը նշեց, որ այդ ծրագրի իրականացման համար իրենք հայտարարել են մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր գիտաշխատողները՝ հաշվի առնելով ներկայացված պահանջները, այն է՝ հոդվածների քանակը, ինչպես նաև հոդվածներ, որոնք տպվել են համաշխարհային ամսագրերում, նաև հաշվի է առնվել գիտաշխատողի աշխատանքների քանակը, թե քանի գիտաժողովների են մասնակցել, ինչ զեկույցներ են կարդացել և այլն։


«Մեզ դիմել են ըստ ոլորտների, ամենաբարձր մասնակցությունն ինչպես և սպասվում էր ֆիզիկոսների մոտ էր, որի անցկացման շեմային գնահատակաները 50 միավորից ավել էր, իսկ հայագիտության ոլորտում օրինակ 18-20 միավոր էր»,- ասաց նա։


Լևոն Մադոյանն ընդգծեց, որ ինքն արդեն չի կիսում տեսակետները, թե երիտասարդ գիտնականների «արտահոսքը» շարունակում է։ «Չէի ասի, որ հիմա ավելի շատ են արտասահման գնում»,– ասաց նա՝ ավելացնելով, որ կառավարությունը հնարավորության չափով միջոցներ է ձեռք առնում, որպեսզի երիտասարդների աշխատանքով ապահովի Հայաստանում։