17-ամյա բրիտանուհին առեղծվածային հիվանդության պատճառով վերածվում է «կենդանի քանդակի» (լուսանկարներ)
Բրիտանուհի Սինի Նամոքն առաջին հայացքից գրեթե չի տարբերվում իր հասակակիցներից, սակայն իրականում նա տառապում է առեղծվածային գենետիկ մի հիվանդությամբ, որի հետևանքով աղջիկը կամաց-կամաց վերածվում է «կենդանի քանդակի»։

Ինչպես նշում է Daily Mail-ը, հազվագյուտ հիվանդության հետևանքով նա դանդաղորեն կաթվածահար է լինում։ Լոնդոնի 17-ամյա բնակչուհու հիվանդությունը կոչվում է fibrodysplasia ossificans progressiva. այն աղջկա մարմնի մկաններն ու ջիլերը ամրացնում է՝ վերածելով ոսկորի։

Աղջկա թևերն ու գոտկատեղն արդեն կորցրել են իրենց ճկունությունն, ու դրանք անհնար է շարժել։ Բացի այդ նրա ուսերի հատվածում ավելորդ ոսկոր է աճել, ինչի հետևանքով աղջիկն առանց կողմնակի օգնության չի կարողանում գլուխը լվանալ, մազերը սանրել ու հագնվել։

Ցավոք այս հիվանդությունը բուժում չունի։ Ներկայում ամբողջ աշխարհում կա 600 մարդ, ով տառապում է այս հիվանդությունից։ Այժմ Սինին հիվանդության դեմ պայքարում է միայն ցավազրկողների միջոցով։










