Գենդերային հավասարության անվան տակ ԱԺ-ն գաղտնի ընդունել է այլասերություն տարածող օրենք. Սոս Գիմիշյան

08:36 • 29.07.13

Ազգային ժողովը երկու ամիս առաջ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի անվան տակ գաղտնի ընդունել է մի փաստաթուղթ, որն այլասերություն է քարոզում, Tert.am-ի հետ զրույցում բարձրաձայնում է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ նշելով, որ օրենքն անցել է երեք ընթերցմամբ և հաստատվել նախագահի կողմից։

 

«Դա խայտառակ փաստաթուղթ է, որը լրջագույն խնդիր կարող է առաջացնել հասարակության մեջ: Եթե բովանդակությունը, էությունն այդ փաստաթղթի ներկայացվի և տեղեկացվի, ապա կարող է լուրջ պրոցեսներ սկսvեն»,- ասաց նա և բացատրեց, որ այնտեղ փաստացի խոսքը կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության մասին չէ:


«Այլ ձեռքբերովի այլասերվածությունների և նման բաների մասին է խոսքը գնում, հետո ոչ թե մտել է ԱԺ, այլ երեք ընթերցմամբ ընդունվել է, նախագահն էլ ստորագրել է այդ խայտառակությունը»,- նշեց նա:


Սոս Գիմիշյանը համոզված է, որ այդ օրենքի նպատակն այլասերություն տարածելն է: «Որովհետև Հայաստանում ոչ մեկի իրավունքը չի խախտվում, իհարկե, հասարակության բացարձակ մեծամասնությունն այդ երևույթների նկատմամբ հստակ դիրքորոշում ունի, բայց ամեն դեպքում այդ կարգի շեղումներ ունեցողների իրավունքները նույնպես պաշտպանված են, նրանք կան ԱԺ-ում, կան Կառավարությունում, նախագահի նստավայրում, բոլոր տեղերում են իրենք և, կարծես թե, խնդիր էլ չունեն»,- ասաց նա:


«Ես ինքս էլ հանգիստ եմ վերաբերվում նրանց իրավունքներին, բայց համոզված եմ, որ չի կարելի թույլ տալ առանձնահատուկ գովազդային միջոցառումներ և օրենքներ ընդունվեն, որոնց նպատակը այլասերելն է մեր հասարակությանը, մեր ժողովրդին»,-բորբոքված վրա բերեց նա:


Ըստ Սոս Գիմիշյանի՝ այս փաստաթուղթը Եվրոպական Միության կողմից պարտադրված քաղաքականության հետևանք է:
«Երբեք չեմ եղել ո՛չ արևմտամետ,և ո՛չ էլ ռուսամետ, բայց այս հարցում միանշանակ դրական վերաբերմունք ունեմ Ռուսաստանի կատարած քայլերի նկատմամբ, որն ակնհայտ ընդունեց մի շարք օրենքներ, որոնք դեմ են Արևմուտքից թելադրվող այդ օրենքներին: Առաջին անգամ ինձ դուր է գալիս այն, ինչ անում է Ռուսաստանը և ասեմ  հուրախություն ինձ, մեր Առաքելական եկեղեցին, վերջիվերջո, ճիշտ դիրքորոշում ունի, կանգնում է մեր ժողովրդի շահերի կողքին։ Այլ երկներ նույնպես կան, որ նման օրենքները հրաժարվում են ընդունել, իսկ մեր իշխանությունները չեն էլ ուզում դիմադրել»,- ասաց նա և բացատրեց, թե ինչու:


«Մեր օմբուդսմենն ասում է «all right», քանի որ ամբողջությամբ այս օրենքը չենք կարողացել ընդունել հստակ բառերով, ինչպես մեզ առաջարկվում էր, իսկ մենք գումարներ ենք կորցնում … բա դա պարտադրանք չի՞։ Ոչ ոք թուրը գլխներին չի պահում, բայց լրիվ այլ մեթոդներ կան, այլ ճանապարհներ, միջոցներ ազդելու, ճնշելու ու ենթարկեցնելու։ Ես համոզված եմ, որ Հայաստանում 99,99%-ը դեմ է այդ երևույթներին, բայց արի ու տես, որ այստեղ ընդունվում է մի օրենք, այն էլ թաքուն, նույնիսկ ԱԺ պատգամավորները չեն հասկանում ինչի համար են քվեարկում»,- ասաց Սոս Գիմիշյանը:
 

«Ինչի՞ է գաղտնի քվեարկում, եթե այդքան լավ բան է, եթե պարտադրանք չէ, թող ժողովրդին ներկայացնեն, չէ՞ որ ժողովրդավարությունից են խոսում: Արևմուտքը խոսում է ժողովրդավարությունից, բայց Արևմուտքը մեղավոր չի, որ մեր երկրում թաքուն փաստաթղթեր են ընդունում, ժողովուրդը տեղյակ էլ չի, թե ինչ է պարտադրվում մեր հասարակությանը»,- ավելացրեց նա:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահը նկատում է, որ նույն պրոբլեմներն ունեն նաև եվրոպական երկրների ժողովուրդները: «Այսպիսի մոտեցումների դեմ տագնապ կա ժողովրդի մոտ, ժողովուրդ դեմ է, պարզապես իշխանություններն են, որոնք պարտադրում են այս մոտեցումները»,- ընդգծեց նա:


Սոս Գիմիշյանն ասաց, որ անընդունելի է համարում տարբերակը, երբ նույն իշխանությունների որոշ ներկայացուցիչների հնչեցնում են տեսակետ, թե իրենք էլ են դեմ, մինչդեռ կարելի է ընդունել նման օրենք, բայց իրական կյանքում մերժել այդ երևույթները։

«Չենք կարող, իհարկե, այդպես չի լինում, բազմաթիվ եվրոպական երկրներում նույնպես, երբ այս օրենքներն ընդունվում էին, այնտեղ էլ հասարակության 80%-ը դեմ էր այդ երևույթներին, անցավ 10 տարի և հասարակության 80%-ը դարձել է այդպիսին, ընդամենը 15%-ն է դառնում դեմ, և վտանգավոր է դառնում ձայն բարձրացնելը։ Այնպես որ, չի կարելի այդպես վերաբերվել, կան գործիչներ, որ ասում են, որ Հայաստանում օրենքները չեն գործում, միևնույն է դա նշանակություն չունի, բայց դա այդպես չէ: Դրանք շատ վտանգավոր պրոցեսներ են և անընդունելի մոտեցում է»,- եզրափակեց նա:

Օրենքի ընդունման մասին իր մտահոգությունն է հայտնել նաև բլոգեր Տիգրան Քոչարյանը, ով իր ֆեյսբուքի էջում գրել է, որ ԱԺ-ն «սուսուփուս», «թաքուն» ընդունել է մի խայտառակ օրենք «Գենդերի մասին»:

«Ընդհանրապես կա օրենքների մի փաթեթ, որը փաթաթում են Եվրոպային անդամակցելու համար: Ուկրաինայում ու Մոլդովայում նույն պրոցեսն է, ուշադիր հետևում եմ: Այդ օրենքների հիման վրա մենք կունենանք սեռազուրկ, ընտանիքազուրկ մի հասարակություն: Օրինակ, մի օրինագիծ է արդեն շրջանառության մեջ դրվելու, որով մանր-մունր առիթով երեխայի խնամքի կենտրոնները կարող են երեխային խլել ծնողներից: Սա ո՛չ հակաեվրոպական քարոզչություն է, ո՛չ պրոռուսական, ո՛չ եսիմ այլ ինչ: Սա շատ լուրջ վտանգ է: Մենք արդեն ունենք օրենքի ուժ ունեցող սեռի (գենդերի) բազմություն` կին, տղամարդ, տրանսգենդեր, ագենդեր, բիգենդեր և այլն: Այսինքն՝ մարդն ինքն է արդեն որոշում, ինքը ինչ հասարակական սեռ ունի: Սա այնպիսի թեմա է, որ պետք է լուրջ խորանալ՝ մասնագետներով, իրավաբաններով, ազգագրագետներով: Պետք է իր խոսքն, անպայման, ասի մեր եկեղեցին: Պետք է հասկանալ ինչ է փաթաթվում մեր վզին: Սա երկար պատերազմ է լինելու»,- գրել է Տիգրան Քոչարյանը։