Ողբերգական դեպք՝ Ստավրոպոլում. դիմակավորված անձը սպանել է հայ ագարակատիրոջ քնած երեխաներին
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Լիսոգորսկայա ավանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. դիմակավորված անձը կեսգիշերն անց ներխուժել է ազգությամբ հայ ագարակատեր Խաչատուր Ղազարյանի տուն և սպանել նրա երկու քնած երեխաներին:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը, զինված անձը տանիքից մտել է հյուրասենյակ և հրազենից մի քանի անգամ կրակել բազմոցին քնած երեխաների վրա: Կրակոցների ձայնից երեխաների մայրն արթնացել ու շտապել է հյուրասենյակ. մարդասպանը մեկ անգամ էլ կրակել էր նրա ուղղությամբ և փախուստի դիմել: Վերջին գնդակը, բարեբախտաբար, մահացու չի եղել՝ այն դիպել է երեխաների մոր ծնոտին:
Ղազարյանի11-ամյա դուստրը՝ Լիանան, մահացել է տեղում, նրա եղբայրը՝ 16-ամյա Արսենը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ քիչ անց կնքել է մահկանացուն: Երեխաների մոր ծնոտը վիրակապել են. բժիշկները նրա վիճակը գնահատում են լավ:
Ենթադրվում է, որ մարդասպանի թիրախը եղել է Խաչատուր Ղազարյանը: Lifenews.ru կայքի հետ զրույցում Ղազարյանը ևս կարծիք է հայտնել, որ հանցագործը տուն ներխուժել է իրեն սպանելու նպատակով... Նա պատմել է, որ հյուրասենյակում, որտեղ կատարվել է սպանությունը, սովորաբար քնում էր ինքը: Ճակատագրական այդ օրը, սակայն, Ղազարյանի խոսքով, երեխաները խնդրել էին թույլ տալ իրենց մնալ հյուրասենյակում և հեռուստացույց դիտել, ինքն էլ համաձայնել էր...
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Սպանության առնչությամբ առայժմ երկու վարկած է շրջանառվում՝ Ղազարյանի «առևտրային գործունեությունը» (նա զբաղվում է խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ) և «միջանձնային հարաբերություններ, անձնական թշնամանք»:
Լուսանկարում՝ Ղազարյանը դստեր և որդու հետ










