Դավթաշենում փորձել են շինարարություն սկսել, բնակիչները կասեցրել են այն

18:21 • 30.07.13

Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի հարևանությամբ արդեն 3-րդ անգամ է շինարարություն սկսելու փորձեր են արվում, Tert.am-ին այս մասին տեղեկացրեց շենքի բնակիչ Վարդան Բլբուլյանը:


Նա նշեց, որ բակային հատվածում արդեն իսկ կառուցվել է մանկական սրճարան, իսկ ներկայումս, իրենց տեղեկություններով, պետք է կառուցվի մեքենաների վերանորոգման կետ:


«Արդեն 3-րդ անգամն է իրենք փորձում են շինարարություն անել, մենք կանգնեցնում ենք: Էն ժամանակ ընտրություններ էին, կարծես, ստացվում էր, իսկ հիմա արդեն իրենք մի փոքր ավելի համարձակ են դարձել, ժողովրդի ձայնը իրենց համար նշանակություն չունի»,-ասաց նա։


Վարդան Բլբուլյանը նշեց, որ դեռևս չգիտեն, թե որ ընկերությունն է շինարարություն փորձում իրականացնել, սակայն գիտեն շենքապատկան տարածքը, որն օտարվել է պետության կողմից ու վաճառվել, պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Վռամ Գյուրզադյանին:

 

Նա նաև նշեց, որ այսօր իրենց թաղամասում էր նախկին պատգամավորի որդին իր բոլոր փաստաթղթերով ու փորձում է շինարարների հետ շինհրապարակի սահմանները գծել:


«Նախկինում եկան ծառերը հանեցին տարան ու հիմա եկել են ասում են՝ ո՞ւր է այստեղ ծառ, որ ասում եք, մենք արդեն կարանք շինարարություն անենք: Հարևաններով դուրս եկանք իրենց դեմ, մի շարք բնապահպաններ ու «Նախախորհրդարանի» երիտասարդներից կան, միացել էին մեզ»,– պատմեց նա:


Վարդան Բլբուլյանը նշեց, որ միասնական ջանքերով իրենց ևս մեկ անգամ հաջողվեց կանխել շինարարությունը: