«Սփյուռք» ամառային դպրոցին այս տարի մասնակցել է 220 սփյուռքահայ
Այս տարի «Սփյուռք» ամառային դպրոցին մասնակցելու համար դիմել է 500 սփյուռքահայ, որոնցից ընտրվել են 220-ը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտնեց Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը: Նա նշեց, որ մասնակիցներին հիմնականում ուսուցանվել է հայոց լեզու, բայց եղել են նաև լրագրողների խմբակ, երիտասարդ առաջնորդների խմբակ, ինչպես նաև՝ ազգային երգ ու պարի: Ծրագրի ընթացքում վերապատրաստվել են Հայոց լեզու ուսուցանող մի շարք սփյուռքահայ ուսուցիչներ:
«Սփյուռքի նախարարությունն է ապահովել բոլոր մասնակիցների ծախսերը, իսկ ճանապարհածախսը հոգացել են համայնքային կառույցները, որոնք համագործակցում են նախարարության հետ: Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի բոլոր մասնակիցները ապրում ին միասին՝ Ծաղկաձորում, ինչը դրական է ազդում նրանց՝ միմյանց հետ շփվելու իմաստով»,- ասաց նա և նշեց, որ ծրագիրը մեկնարկել է հուլիսի 8-ին, և փակումը տեղի կունենա օգոստոսի 2-ին:
Ատոմ Մխիթարյանը նշեց, որ մասնակիցների մեծ մասը ԱՊՀ երկրներից են՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և մի շարք այլ երկրներից:
«Որպեսզի մեր սփյուռքահայերին հաղորդակից դարձնենք հայ քաղաքական-հասարակական կյանքին, պարբերաբար մեզ են հյուրընկալվում տարբեր քաղաքական գործիչներ, լրագրողներ և այլն: Երեկ մեզ հյուր էր Հայաստանի Շախմատի ազգային հավաքականը, իսկ այսօր հյուընկալելու ենք Արտաքին գործերի փոխնախարարին: Կազմակերպում ենք նաև էքսկուրսիաներ Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրերում, որպեսզի նրանք կարողանան տեսնել հայրենիքը, քանի որ շատերը առաջին անգամ են հայրենիքում»,- ասաց նա:










