Երկիրը մաքրելու գործընթացը պետք է սկսել ներքին թշնամուց. կարծիքներ

09:23 • 30.07.13

Արցախյան պատերազմի մասնակից, ազգային պարարվեստի գործիչ Գագիկ Գինոսյանը անձամբ պատրաստ է արձագանքել ազատամարտիկների՝ միավորվելու և երկիրը նախ «ներքին թշնամուց մաքրելու», ապա արդեն արտաքին մարտահրավերներին դիմակայելու կոչին։


«Երկիրը մաքրելու գործընթացը ինքնամաքրման պրոցեսից է սկսվում, նախ սեփական տեսակը ինքնամաքրելու խնդիր է առաջ քաշվում, միանշանակ պատրաստ եմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։


Գինոսյանը նկատում է, թե պարտադիր չէ, որ երկիրը կրիտիկական վիճակում հայտնվի և նոր միայն այն մաքրելու հարց բարձրացվի։ «Բոլոր ժամանակներում պարբերաբար ամեն ազգ ինքնամաքրվելու խնդիր ունի և պետք չէ, որ այն, անպայման, հասնի կրիտիկական կետի ու հետո որոշենք դրա մասին, միշտ պետք է ունենանք, մեր զգացողությունը և կամքը»,- ասաց նա։

 

Արցախյան պատերազմի մասնակցի խոսքով՝ Հայաստանը պատերազմից հետո ինքնամաքրվելու փոխարեն ապականվեց։ «Բոլոր երկրներին և ազգերին բնորոշ է, որ պատերազմներից հետո պարտադիր երկիրը ինքնամաքրման պրոցես պետք է անցնի, ինչով որ Հայաստանը չանցավ և հակառակը՝ ավելի շատ աղջամուղջն էր պատերազմի մասնակից, քան պատերազմը՝ աղջամուղջի։ Ուստի կարծում եմ, ինքնամաքրման ճանապարհը շուտ է պետք բռնել ու ինչքան շուտ, այնքան ավելի լավ»,- նշեց նա։

Գագիկ Գինոսյանը չի կարող ասել, դրա համար նախադրյալներ կա՞ն, թե ոչ։ «Միշտ էլ կարելի է գտնել նախադրյալներ, համախմբվածության համար ընդհանուրին սեփական տեսակետը մի քիչ ավելի զիջելու կամք պետք է ունենալ, մնացած պարագայում համախմբվելու ակնկալիք միշտ էլ կա»,- ասաց նա և ավելացրեց, որ հուսով է, որ այս անգամ կստացվի։

Արցախյան ազատամարտի մասնակից, երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, թեև շատ է սիրում և հարգում հրապարակում հավաքված «տղերքին», բայց նման հարցերում իրեն չի տեսնում նրանց կողքին։
 

«Պատրաստ եմ ցանկացած այլ հարցերով իրենց կողքին լինելու, բայց հասարակական-քաղաքական պայքարի մեջ ինձ ես չեմ տեսել և չեմ տեսնում»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։


Դիտարկմանը, որ ազատամարտիկները շեշտում են, որ իրենց պայքարը քաղաքական չէ,Դավիթ Ամալյանը արձագանքեց. «Ես չեմ էլ կասկածում նրանց մաքրությանը կամ ազնվությանը, մի գրամ չեմ կասկածում, բայց այս պահին որևէ պայքար իր նպատակին չի հասնի»։


Դավիթ Ամալյանն ամեն դեպքում համամիտ է այն տեսակետի հետ, որ պետք է մաքրել Հայաստանը ներքին թշնամուց։ «Իհարկե, ներքին թշնամին մեր համար մեկ թշնամին է, ես արտաքինից ավելի եմ կարևորում ներքին թշնամու գործոնը, բայց այս պարագայում նման պայքարն ընդամենը ներքին և արտաքին թշնամիների ջրաղացին ջուր լցնել է»,- կարծիք հայտնեց երգիչը, բայց հստակեցրեց, որ ինքը նկատի չունի, որ մաքրման կարիք չկա։


«Իհարկե, ես դրա կարիքը տեսնում եմ, ես ասել եմ, որ ազատամարտիկներին առանձնահատուկ ջերմություն է պետք, դա սոցիալական հարց չէ, խնդիր չէ: Եթե որևէ ազատամարտիկ ասի ես հաց չունեմ, դրա համար եմ պայքարում, ես դա չեմ ընդունի, որովհետև այդպես չէ։ Այստեղ ավելի շատ բարոյահոգեբանական խնդիր է։ Բայց ազատամարտիկների խնդիրները բարձրաձայնելը ընդամենը կնշանակի թուրքերին տեղյակ պահել, որ նման խնդիր ունենք»,- ասաց նա։


Ըստ երգչի, ամեն մեկը պետք է իր մեջ հասկանա խնդրի կարևորությունը: «Հիմա մենք մեր գործերով պետք է ինչ-որ բան անենք, և ոչ թե միայն հայտարարենք, որ բարձրաձայնելով չէ։ Ես, իհարկե, մասնակցել եմ պատերազմին, բայց, իհարկե, ավելի քիչ, քան իրենք, խոնարհվում եմ բոլորի առաջ և կապ չունի, թե ով որ կուսակցությունից է, բայց այս պահին որևէ քաղաքական ձեռնարկ գցելը օտարի համար ներդրում է»,- պնդեց նա և ավելացրեց, որ թե՛ ինքը և թե՛ նույն այդ տղաները գիտեն, որ իրենց տեղը սահմանն է:
 

Դավիթ Ամալյանը խնդրում է իրեն ճիշտ հասկանալ, քանի որ ինքը իշխանությանը երբեք չի պաշտպանել և չի էլ կարող պաշտպանել։ «Ես ընդամենը մարդուն կարող եմ պաշտպանել, որը կարող է լինել և՛ իշխանության մեջ, և՛ ընդդիմության մեջ»,-ասաց նա։
 

Երգիչն ափսոսանք հայտնեց, որ հասարակական և քաղաքական դաշտի մարդկանց լավի ու վատի են բաժանել, և կարծիք հայտնեց, որ անկախ նրանից այս հարցի շուրջ ովքեր են կանգնում, պետք է առաջինը պետության համար կանգնած լինեն։

«Ինչքան կազմակերպություն կա ինձ համար աղանդներ են՝ դաշնակցական, հանրապետական, րաֆֆիական»,- ասաց նա՝ ավելացնելով, որ թեև ինքը լավ ընկերներ ունի թե՛ Դաշնակցությունից, թե՛ Հանրապետականից, միևնույնն է դրանք խաթարում են երկրի հիմքերը։