21 տարվա պայքարից հետո հնդիկ արքայադուստրերը վերջիվերջո ժառանգել են 4 մլրդ դոլար կարողությունը

11:19 • 30.07.13

Լուսանկարում՝ մահարաջան և նրա կինը

 

Հնդկաստանի դատարանն իր վճռով վերջ է դրել 20 տարուց ավելի ձգձգված ֆինանսական քաշքշուկին՝ վճռելով , որ Ֆարիդկոտի մահարաջա (արքա)  Հարինդեր Սինխ Բրարի կտակն իրականում կեղծված է եղել և նրա կարողությունը պետք է փոխանցվի իր զավակներին։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, դատական հայցը հեռավոր 1992-ին ներկայացրել է արքայի ավագ դուստրը՝ Ամրիտ Կաուրը, ով պնդում էր, որ իր հոր պալատականներն ու ծառաները կեղծել են նրա կտակը՝ իրեն ու իր քրոջը թողնելով չնչին գումարներ։

 

Պարբերականը նշում է, որ մահարաջան թագադրվել է դեռևս մանուկ հասակում, իսկ նրա կարողության չափն անցնում է երևակայության բոլոր սահմանները։  Երբ մահանում է մահարաջայի միակ որդին, արքան ընկճախտի մեջ է ընկնում ու մի քանի ամիս անց ինքն էլ է մահանում։ Հոր մահից հետո դուստրերը ամսական չնչին գումարներ են ստանում  պալատականներից։

 

Արքայադուստրերը, իրենց ստորացված զգալով,  մեղադրում են իրենց հոր ծառաներին ու մյուս պալատականներին միլիարդները յուրացնելու ու կտակը կեղծելու մեջ։ Արդյունքում 2 կողմերի միջև կատաղի պայքար է սկսվում թագավորական հարստության համար, որը տևում է 2 տասնամյակից ավելի։

 

Սակայն այժմ ողջ քաշքշուկին վերջ է դրվել ու հարստությունը կփոխանցվի իրական տերերին։ Այսպիսով՝ արքայադուստրերը կստանան 4 մլրդ դոլար,  350-ամյա ամրոց, պալատներ, որոնք գտնվում են Ֆարիդկոտում, ինչպես նաև Հնդկաստանի այլ նահանգներում կառուցված առանձնատներ։ Բացի այդ, նրանց կտրամադրվի 18 շքեղ մեքենա՝ Rolls Royce, Bentley, Daimler, ինչպես նաև 150 մլն դոլարի ոսկի ու թանկարժեք քարեր։