Նոր մանրամասներ Լոս Անջելեսում սպանված միասեռական տղամարդու քրգործից՝ նրա զուգընկերը հայ է եղել

11:02 • 30.07.13

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ամերիկացի տղամարդու՝ Ջոշուա Վեսթի սպանության փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում ապրիլին ձերբակալված հային նոր մեղադրանք է առաջադրվել:

 

Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, երկուշաբթի 28-ամյա Խաչիկ Մասկովյանի վրայից հանվել է «ատելության հիմքով սպանություն» կատարելու մասին մեղադրանքը և ներկայացվել նորը՝ «առևանգման փորձ» և «սպանություն» հոդվածների հատկանիշներով: Նման մեղադրանք առաջադրվել է նաև սպանության գործի շրջանակում անցած շաբաթ օրը ձերբակալված մյուս երկու հայերին՝ Մասկովյանի 34-ամյա եղբորը՝ Հովհաննես Մասկովյանին, և նրանց ընկերոջը՝ 19-ամյա Նազարեթ Բայամջյանին:

 

Կայքը, վկայակոչելով հետաքննության մարմինների տվյալները, ընդգծում է, որ Խաչիկին ներկայացված մեղադրանքը փոխվել է, քանի որ սպանության փաստի առնչությամբ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, մասնավորապես՝ պարզվել է, որ Հովհաննես Մասկովյանը եղել է սպանված տղամարդու զուգընկերը՝ նրանք 7 տարի միասին են կենակացել, մինչև Ջոշուայի մահն էլ ապրել են նույն բնակարանում:

 

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Մասկովյանները և Բայամջյանը տեղյակ են եղել, որ Ջոշուան բանկում կյանքի ապահովագրության պոլիսներ ունի և որոշել են սպանել նրան ու տիրանալ ապահովագրական այդ գումարներին (կյանքի ապահովագրությունը նախատեսում է ապահովագրված անձի մահվան դեպքում դրամական միջոցների վճարում նրա կնոջը (կամ ամուսնուն), ընտանիքի անդամներին, ժառանգներին, հարազատներին-Tert.am):

 

Հիշեցնենք, որ Ջոշուան սպանվել է 2013թ-ի ապրիլի 24-ին. նրա մարմինը հայտնաբերվել էր Լոս Անջելես քաղաքի Վան Նայսի շրջանի փողոցներից մեկում՝ հրազենային և բութ գործիքի հարվածից ստացած բազմաթիվ վնասվածքներով: Ականատեսները պատմել էին, որ տեսել են, թե Խաչիկ Մասկովյանը ինչպես է ծեծում Ջոշուային, ապա նստեցնում բեռնատար մի ավտոմեքենայի մեջ և տանում անհայտ ուղղությամբ: Րոպեներ անց, ականատեսների խոսքով, կրակոցներ են լսվել, որից հետո  Ջոշուան մեքենայի միջից ընթացքի ժամանակ դուրս էր նետվել... Դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցներին չի հաջողվել փրկել Գլենդեյլի բնակչի կյանքը: Սպանությունից երկու օր անց  Խաչիկ Մասկովյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր՝ Ջոշուայի մահվան փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում: Սպանության մանրամասները և հանգամանքները դեռևս ամբողջությամբ չեն պարզվել, հետաքննությունը շարունակվում է: