Քաղաքապետը չի կարող ինքնագլուխ որոշումներ կայացնի, եթե ավագանին նիստում չհաստատի. Ստյոպա Սաֆարյան

13:57 • 30.07.13

Քաղաքապետի վերջին աղմկահարույց ոչ իրավաչափ որոշումներից հետո շատերի մոտ հարց առաջացավ` ու՞ր է ավագանին և ինչու՞ չի առնչվում այս խնդրին. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Ստեփան Սաֆարյանը։


Նա նկատեց, որ, իհարկե, «Բարև Երևանը» փորձել է իր լիազորությունների շրջանակում խնդիրը մտցնել հանձնաժողովների քննարկման դաշտ, ինչպես նաև տեղեկացրեց, որ իրենք դիմելու են դատարան՝ տրանսպորտի անօրինական թանկացման որոշման դեմ։ «Հայցը գրեթե պատրաստ է։ Քաղաքապետը չի կարող ինքնագլուխ որոշումներ կայացնի, եթե ավագանին նիստում չհաստատի դրանք»,- ասաց նա։


Ստյոպա Սաֆարյանը բացատրեց, որ անշուշտ ավագանին ունի քաղաքապետի գործողությունները վերահսկելու իրավունք: Մինչդեռ, ըստ նրա, նախորդ ավագանին «զավեշտալի արաք է թույլ տվել» և կանոնակարգում փոփոխություններ մտցրել, որտեղ հատուկ հոդվածով՝ Երևանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերից, որոնք կարող են հանրային հնչեղություն ունենալ, ավագանու վերահսկողությունը հանվել է։


«Այսինքն՝ քաղաքապետը կայացնում է անհատական իրավական ակտ, արդյունքում մարդիկ, նաև ավագանին, որը տարակուսած է, թե ինչպես կարող է բարձրագույն մարմինը, որը ոչ թե քաղաքապետն է , այլ ավագանին, չառնչվել կենսական նշանակություն ունեցող հարցերին։
Ավագանու լիազորությունները խլված են, և մենք կփորձենք ավագանու կանոնակարգում անհապաղ կատարել այս փոփոխությունը»,- ասաց նա և նշեց, որ այդ փոփոխությունները կաշխատեն մտցնել սեպտեմբերին՝ ավագանու առաջին իսկ նիստում։


Նաև քննարկման առարկա ենք դարձնելու Վերահսկիչ պալատի բացահայտումները Երևանի քաղաքապետարանի մասով։


Ի դեպ, Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետը հանձնարարել է «ինչ-որ մի հանձնաժողով ձևավորել»։ Նա նշեց, թե իրենք հարցում են ուղարկել՝ իմանալու, թե այդ հանձնաժողովն ի՞նչ կարգավիճակ ունի, ովքե՞ր են սահմանելու նրա առջև դրված խնդիրները, որո՞նք են լինելու այդ խնդիրները և այլն։
«Այն պրոցեսը, որը տեղի է ունենում որոշումը կայացնելուց հետո, ամենևին մեզ դուր չի գալիս։ Իմանանք՝ դա իմիտացիա ստեղծելու համա՞ր է, թե՞ ոչ»,- նշեց նա։