Աֆղանստանում այս տարի ռազմական գործողությունների հետևանքով 146 խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ

22:53 • 31.07.13

ՄԱԿ-ը Աֆղանստանում խաղաղ քաղաքացիների մահվան 146 դեպք է գրանցել տարվա սկզբից Միջազգային անվտանգության աջակից ուժերի (ԻՍԱՖ) և երկրի ազգային բանակի իրականացրած գործողությունների հետևանքով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի՝ Աֆղանստանում աջակցության առաքելության այսօր հրապարակված զեկույցում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:


Զեկույցում ասվում է. «Հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի՝ Աֆղանստանում աջակցության առաքելությունը խաղաղ քաղաքացիների շրջանում մահվան 146 և վիրավորվելու 216 դեպք է գրանցել իշխանամետ ուժերի գործողությունների արդյունքում»:


Զեկույցում նշվում է, որ ԻՍԱՖ-ի և ազգային անվտանգության ուժերի գործողություններից զոհվածները և տուժածները կազմում են խաղաղ բնակիչների շրջանում այս տարի գրանցված դեպքերի 9 տոկոսը: Ընդհանուր առմամբ, այս ընթացքում Աֆղանստանում մահացել է 1319 քաղաքացիական անձ և վիրավորվել 2533-ը: