Օգոստոսի 4-ին ցուրտ օդային զանգվածներ կներթափանցեն երկիր. ԱԻՆ հիդրոմետ ծառայություն

11:34 • 31.07.13

Ինչո՞վ են պայմանավորված եղանակային կտրուկ փոփոխությունները և ինչպիսի՞ օգոստոս է մեզ սպասվում հարցերին պատասխանեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ վստահեցնելով, որ այս ընթացքում կլիմայի որևէ արտառոց շեղում չի եղել և ամռան ընթացքում չի էլ լինելու:


«Հուլիս ամսվա ընթացքում շրջանների զգալի մասում տեղումների քանակը եղել է նորմայից ավել, Արարատյան դաշտում ջերմաստիճանը նորմայից մեկ աստիճան ցածր է եղել»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ հավելելով, որ օգոստոսին ջերմաստիճանը նորմայի սահմաններում կլինի Սյունիքում, նորմայից ցածր՝ Արարատյան դաշտում, չեն բացառում առանձին օրեր, որ ջերմաստիճանը մեկ-երկու աստիճանով բարձրանա, բայց հիմնականում ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում:


Վերջինիս փոխանցմամբ՝ մայրաքաղաքում օգոստոս ամսվա ընթացքում 4-5 օր ամպրոպային եղանակ կլինի, ինչը նույնպես նորմայի սահմաններում է:


«Այս տարին շատ նման է 2009թ.-ին, մենք պարբերաբար ունենում ենք ջերմաստիճանի անկումներ, առաջիկա օրերին երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, արդեն օգոստոսի 4-ին ցուրտ օդային զանգվածներ կներթափանցեն երկիր»,- ասաց նա: