Այդպիսի համայնքապետ չունեմ, որն իմ սրտով չէ, իսկ Պռոշյանում լարվածություն չկա. Կովալենկո Շահգալդյան
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը համարում է, որ մարզում ինքն այնպիսի համայնքապետ չունի, որն իր «սրտով» չէ: «Ես այդպիսի համայնքի ղեկավար չունեմ, որն իմ սրտով չէ, ամեն ինչ հարաբերությունները ճիշտ ձևավորելուց է, եթե ամեն մարդ իր պարտականությունները կատարում է ճիշտ ձևով, ոչ մի խնդիր չի լինում մարզպետի և համայնքապետի միջև»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Այս համատեքստում խոսելով Պռոշյան համայնքի նորընտիր գյուղապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Մուրադյանի մասին՝ մարզպետը նշեց, որ կարևոր չէ նոր գյուղապետը մարզպետի սրտով է, թե ոչ, գյուղապետի պաշտոնն ընտրովի պաշտոն է, իսկ Պռոշյանի ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվել է նրան.«Մենք էլ, բնականաբար, կաշխատենք նորմալ փոխհարաբերություններ ձևավորել»:
Մարզպետի խոսքով՝ բացի Պռոշյանից մարզում կա ևս 66 համայնք, բոլոր համայնքապետերի հետ աշխատանքային նորմալ մթնոլորտ է ձևավորվել:
Նոր համայնքապետի ներուժի մասին մարզպետը հրաժարվեց գնահատականներ տալ. «Ես չեմ կարող այսօր գնահատել, ես նրա հետ չեմ աշխատել, կանցնի մի երկու-երեք ամիս, և ես արդեն նրա պոտենցիալի մասին կարծիք կկազմեմ: Ես նրան ընդամենը ճանաչում եմ որպես Արթուր Մուրադյան, Պռոշյան համայնքի բնակիչ»:
Իսկ որպես կուսակից, ՀՀԿ-ական մարզպետը նշեց. «Համայնքի ղեկավարի պաշտոնը հեռու թողեք այդ կուսակցականությունից, ես իրեն ճանաչում եմ որպես Պռոշյան համայնքի ղեկավար և Հանրապետական կուսակցության անդամ: Մենք աշխատանքային կամ այլ փոխհարաբերություններ չենք ունեցել»:
Դիտարկմանը, որ պռոշյանցիները բողոքում են, թե գյուղում լարվածություն կա, Կովալենկո Շահգալդյանը պատասխանեց, որ դա երևակայության արդյունք է. գյուղում լարվածություն չկա, եթե մի 20-30 հոգի դժգոհ են, դա չի նշանակում, որ գյուղում լարվածություն կա:
«Լարվածությունը պիտի արտահայտվեր ընտրությունների ժամանակ, իսկ ընտրություններն անցան շատ հանգիստ, խաղաղ, օրենքի տառին համապատասխան, նորմալ անցան, հաղթող թեկնածուն հանձնաժողովի որոշմամբ դարձավ գյուղապետ: Ու հիմա նա անցել է իր լիազորությունների կատարմանը, էլ ի՞նչ լարվածություն կա գյուղում»,- ասաց նա։
Կովալենկո Շահգալդյանը հավելեց, որ այս հարցում ինքը գյուղացիների կարծիքը չի կիսում. «Գյուղում շատ հանդարտ մթնոլորտ է, ամեն մեկն իր գործին, բերքահավաք է, ամեն մեկն իր հողով, այգիներով, տնտեսությունով է զբաղված»:
Պռոշյանի նոր գյուղապետի պաշտոնավարման պարագայում գյուղապետարանի գրեթե բոլոր աշխատակիցների հրաժարականների փաստը մարզպետը նորմալ է համարում:
«Կան երկրներ, որտեղ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս, ի՞նչ կա այդտեղ լարվածության, չե՞ն ուզում աշխատել, այլ աշխատանքի կգնան, մինչև այնտեղ մրցույթով, օրենքի սահմաններում նոր աշխատակազմ կձևավորենք, ի՞նչ լարվածության մասին է խոսքը: Այդ նույն Պռոշյան համայնքից կտեսնեք, որ այդ 15-16 հոգին կընդունվեն աշխատանքի գյուղապետարանում»,- ասաց նա։
Կոտայքի մարզպետն ընդգծեց, որ այդ աշխատակիցները հետո փոշմանելու են աշխատանքը թողնելու համար. «Այ էսօրվա խոսքս հիշեք, մի ամիս, երկու ամիս հետո կգնաք, կտեսնեք: Իրենք հիմա էլ են փոշմանած, ուղղակի ինչպես ասում են, թասիբ է առաջացել նրանց մոտ, որ բոլորը որոշել են դուրս գալ»:
Կովալենկո Շահգալդյանի խոսքով՝ իրենք մրցույթով նորմալ աշխատակազմ են ձևավորելու, և որևէ մեկն իրեն այս երկրում անփոխարինելի թող չհամարի:
Գյուղում շրջանառվող այն խոսակցությունները, թե գուցե նոր գյուղապետը կապ ունի Հրաչ Մուրադյանի սպանության հետ, մարզպետը բամբասանքներ որակեց. «Ի՞նչ կապ ունի նոր գյուղապետը Հրաչ Մուրադյանի հետ, բոլորս էլ մտածում ենք, որ լավ կլիներ այդ գործը բացահայտվեր, որ այդ բամբասանքները չլինեին և, այսպես ասած, լարվածությունը վերանար: Հիմա եկեք բոլորս բոլորին կասկածենք, կարելի է նաև ուրիշ մեկն կասկածել, ով ցանկացել է դառնալ գյուղապետ»։
Դիտարկմանը, թե Արթուր Մուրադյանի և սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի միջև մրցակցությունը երկար պատմություն ունի, մարզպետն ասաց, որ այդ հարցերն իրեն չեն հետաքրքրել և ոչ էլ զբաղվել է դրանցով:
«Մրցակցություն կար նաև Վովա Սահակյանի և Հրաչ Մուրադյանի միջև, եթե Վովա Սահակյանը պատվախնդրություն ուներ, թող չպայքարեր Հրաչ Մուրադյանի պաշտոնը զբաղեցնելու համար»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե ինքը լիներ գյուղապետի թեկնածու Վովա Սահակյանի փոխարեն, իր ընկերը սպանվեր, ինքը երբեք այդ պաշտոնի համար պայքարի մեջ չէր մտնի:
Այդուհանդերձ, Կոտայքի մարզպետը կարծում է, որ Պռոշյանում այդ լարվածությունն ավելի շատ ստեղծում են լրատվամիջոցները: «Դուք ուրիշ պրոբլեմներ չունե՞ք, ի՞նչ եք ուզում էս Պռոշյանից ու պռոշյանցիներից, եթե սենսացիաներ եք փնտրում, սենսացիաներ չկան էդտեղ, մի գյուղ ա մի քանի տասնյակ համայնքների մեջ, մթնոլորտը դուք եք լարում»,- ասաց նա։










