Նախախորհրդարանը մարզերին կոչ է անում պատրաստ լինել տրանսպորտի թանկացման քայլերին ընդդիմանալուն

15:34 • 31.07.13

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է հասարակական տրանսպորտի թնակացման թեմային ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, և 
զգոնության կոչ անում Երևանի և հանրապետության մարզերի ակտիվիստներին՝ պատրաստ լինել համարժեք դիմադրություն ցույց տալու ցանկացած քաղաքում ավտոտրանսպորտի թանկացման քայլերին:


Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.


«Հանրապետության տարբեր քաղաքներից, այդ թվում` Ստեփանակերտից, լուրեր են ստացվում, որ հանցավոր վարչախումբը չի հրաժարվում ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման իր ծրագրից:


Փաստորեն, վարչախումբը փոխել է իր մարտավարությունը: Սկզբում նա ծրագրել էր նախ Երևանում թանկացնել ավտոտրանսպորտի վարձավճարը, իսկ դրանից հետո առանց դիմադրության նույնն անել մյուս քաղաքներում: Սակայն Երևանում հանդիպելով քաղաքացիական ակտիվի աննախադեպ դիմադրությանը, նա որոշել է ժամանակավոր նահանջ կատարել և իր կամքը առանձին-առանձին պարտադրել քաղաքացիական ակտիվի համեմատաբար ավելի քիչ ռեսուրս ունեցող փոքր քաղաքներին, իսկ այնուհետև կատարված փաստի առաջ կանգնեցնել մայրաքաղաքի ժողովրդին ու փորձել իր ամբողջ ռեսուրսի կիրառման միջոցով հաստատել նախատեսվող վարձավճարը:


Վստահ ենք, որ հանրապետության մյուս քաղաքներում ևս ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման քայլերը հանդիպելու են քաղաքացիական ակտիվի, ապա նաև` բնակչության մեծ մասի գործուն դիմադրությանը:


Ակնհայտ է, որ երկրում տիրող համակարգային ճգնաժամի պայմաններում իրադարձությունների զարգացումը դուրս է գալու դիտարկվող հարցի ու տվյալ քաղաքների տարածքների շրջանակներից և աստիճանաբար վերածվելու է համակարգային հարցադրումներ հետապնդող համաժողովրդական ընդվզման ալիքի` այդտեղից բխող հետևանքներով հանդերձ:


Մենք նաև զգոնության կոչ ենք անում Երևանի և հանրապետության մարզերի քաղաքացիական ակտիվին, առաջին հերթին` երիտասարդությանը, և հորդորում ենք պատրաստ լինել համարժեք դիմադրություն ցույց տալու ցանկացած քաղաքում ավտոտրանսպորտի թանկացման քայլերին:


Համոզված ենք, որ իր երկրին ու ճակատագրին տեր կանգնող ժողովուրդն այս հարցում նույնպես հասնելու է իր նպատակին` ևս մեկ քայլով մոտեցնելով մեր արժանապատվության և իրավունքների համար մղվող համընդհանուր պայքարի հաղթական ավարտը»: