Եզդիները պատրաստ են պաշտպանել ՀՀ սահմանները. Սեյրան Օհանյանն հանդիպել է «Մեդիա-Շանգալ» ՀԿ-ի հետ

15:55 • 31.07.13

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է «Մեդիա-Շանգալ» եզիդների միավորում ՀԿ-ի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:


Ողջունելով հյուրերին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել եզդի ժողովուրդի ներդրած ավանդը Արցախյան ազատամարտում, նրանց մասնակցությունը ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը և նրանց ունեցած մեծ դերը բանակաշինության գործում: Ս.Օհանյանն ընդգծել է նաև, որ Հայաստանում որևէ խտրականություն գոյություն չունի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ միասին մասնակցում է Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Մեդիա-Շանգալ» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը նշել է, որ իրենց նորաստեղծ ՀԿ-ն նպատակ ունի իր մասնակցությունը բերել նաև ՀՀ զինված ուժերի արդիականացման գործին, պայքարել ԶՈւ-ում առկա արատավոր երևույթների դեմ, նվազեցնել բանակում մահվան ելքով դեպքերը և ապահովել ԶԼՄ-ների կողմից դրանց ճիշտ լուսաբանումը, բարձրացնել բարոյահոգեբանական մթնոլորտը:


Ա.Շարոյանը եզդի ժողովրդի անունից վստահեցրել է, որ եզդիները ՀՀ մյուս քաղաքացիների հետ միասին պատրաստ են պաշտպանել ՀՀ սահմանները թշնամիների հարձակումներից:

 


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ: