Մոսկվան Սնոուդենին հանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ից պաշտոնական պահանջ չի ստացել. ՌԴ ԱԳՆ

16:16 • 31.07.13

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը ԱՄՆ-ից պաշտոնական պահանջ չի ստացել՝ Էդվարդ Սնոուդենին արտահանձնելու վերաբերյալ. հայտարարել է ՌԴ արտգործնախարարության մարդու իրավունքների, ժողովրդավարության հարցերով լիազորված Կոնստանտին Դոլգովը։


«Երեկվա դրությամբ նման հայց չի եղել։ Ցանկացած իրավիճակում, որը միջազգային հնչեղություն ունի, մենք իրականացնում ենք մեր միջազգային պարտավորությունները։ Որտեղ պարտականություններ ունենք, մենք դա իրականացնում ենք։ Իսկ որտեղ չկան՝ մենք չենք հորինում»,- ասել է դիվանագետը։


ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանից պահանջել են հանձնել Սնոուդենին՝ պնդելով, որ Մոսկվայի պահանջով ԱՄՆ-ն բազմաթիվ ռուսների է հանձնել։ Սակայն Դոլգովի խոսքերով՝ ԱՄՆ-ն չի կարողացել ներկայացնել այդ մարդկանց ցուցակը։


Նա նաև ընդգծել է, որ մեծ տարբերություն կա արտահանձնման և արտաքսման միջև։ Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ն ՌԴ-ի պահանջով որևէ մեկին չի արտահանձնել։


«Որքան ինձ հայտնի է, ԱՄՆ-ի տարածքում նման դեպքեր չեն եղել։ Իսկ մարդկանց արտաքսում են ոչ թե ՌԴ-ի պահանջով, այլ քանի որ նրանք խախտել են ԱՄՆ-ի օրենքները։ Դրանք շփոթել պետք չէ»,-ասել է Դոլգովը։