Աղքատին ձուկ տալու փոխարեն կարթ կտան. «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը դրվել է հանրային քննարկման

12:27 • 31.07.13

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրեց օրենքի հիմնական նպատակը և քննարկման արդյունքները, ըստ որի՝ հիմնական սկզբունքն այն է, որ աղքատ ընտանիքին ձուկ տալու փոխարեն կարթ կտան և կներգրավվեն այդ գործում ոչ միայն պետական կառույցներին, այլև մասնավոր հատվածին ու հասարակական ցանցին նույնպես։


Ըստ նրա՝ օրենքը թույլ կտա այսուհետ պետական մարմիններին և հասարակական տարբեր կազմակերպություններին աշխատել համակարգված՝ մեկ պատուհանի սկզբունքով՝ օգնելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց, ընտանիքներին։


«Մեկ ընտանիքում կուտակվում են այնպիսի տարբեր խնդիրներ, որոնց այսօրվա գործող համակարգը լուծումներ է տալիս տարբեր համակարգերով։ Այսինքն՝ նա օգնություն ստանալու համար տարբեր կազմակերպությունների է դիմում, որոնք շատ են և որոնց կողքին կան նման ծառայություններ մատուցող ՀԿ-ներ։ Արդյունքում՝ ակտիվ ընտանիքը կարողանում է օգտվել, իսկ ընտանիքներ կան, որոնք հիասթափվում են այդքան դռներ թակելուց և չեն ստանում ոչ մի օգնությունից։ Իսկ այս օրենքով արդեն բոլորը կկարողանան դիմել մեկ տեղ և ստանալ իրենց հասանելիք օգնությունը»,- ասաց պետական պաշտոնյան և ավելացրեց, որ խնդիրն է կարողանալ համակարգ ներգրավվել հասարակական և գործարար սեկտորին նույնպես։


Բանախոսը տեղեկացրեց, որ հանրապետության 19 կենտրոնում նախագիծն արդեն իսկ փորձարկվում է։


Աստղիկ Մինասյանը նշեց, որ օրենքում դրամական միջոցների օգնությունը հիմնական մասը չի կազմի։ «Դրամական օգնությունները կլինեն, բայց չի լինի այն հիմնական օգնությունը, որը տրամադրվում է աղքատներին։ Աղքատությունը կրճատելու համար ոչ թե դրամական միջոցներ են հարկավոր, այլ այն եկամուտը ապահովել, որը ինքը կարող է վաստակել»,- ասաց նա և նշեց, որ կլինեն այլընտրանքային ծառայություններ, մասնագիտության ձեռքբերում, զբաղվածության ներգրավվածություն և այլն։


Հանրային ցանցի համակարգող, «Արազա» բարեգործական ՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանը, ով նշեց, որ իրենց կազմակերպությունն աշխատում է հասարակության խոցելի խմբերի շահերի պաշտպանությամբ, ասաց, որ օրենքի քննարկման ժամանակ բարձրաձայնել են մի քանի հիմնախնդիրներ։ «Առաջիններից մեկն այն է, որ գտնում ենք, որ օրենքի նախագծում բավարար կանոնակարգված չեն գործառույթները՝ նախարարության, գործակալության և ՀԿ-ների փոխգործակցության համատեքստում»,- ասաց նա։


«Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն էլ ավելացրեց, որ ըստ իրենց հաշվարկների՝ այս համակարգից Հայաստանում կօգտվի շուրջ 1 մլն մարդ. «Փարոս» ստացող ընտանիքներ, հաշմանդամներ, միայնակ ծերեր, ծնողազուրկ երեխաներ։ «Եթե այս օրենքն ընդունվի դա մեր ընդունված օրենքներից ամենամարդասիրականը կլինի։ Համատեղ լուծումներ արդեն կարող են գտնել գործատուները, ՀԿ-ները և պետությունը միասնաբար»,- նշեց նա։