Ոստիկանները խոչընդոտել են նստացուցավորների ակցիան

13:49 • 31.07.13

Երևանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ արդեն 6 օր է նստացույցի դուրս եկած երեք երիտասարդներն այսօր առավոտյան քաղաքապետարանի դիմաց ակցիա են անցկացրել՝ թռուցիկներ են բաժանել մուտքից ներս մտնող աշխատակիցներին, ինչը խոչընդոտվել է ոստիկանների կողմից:


Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը, եթե ուրիշ օրերի ոստիկանները թույլ էին տալիս քաղաքապետարանի գլխավոր մուտքի աստիճաններին կանգնել, այսօր թույլ չեն տվել մոտենալ: Վերջինս դա պայմանավորեց իրենց ակցիայով:


«Բայց մենք կարողացանք բաժանել թռուցիկները, աշխատակիցների մոտ 20%-ը վերցնում էր, իսկ մնացածը, հավատարիմ մնալով երկրի բռնատիրական համակարգին, պատռում էին»,-ասաց նա:


Տղաները դժգոհություն հայտնեցին նաև այն մասին, որ այդ տարածքում աղբամաններ չկան, ամենամոտը շենքի մուտքի աղբամաններն են, որոնցից, փաստորեն, իրենք չեն կարողանում օգտվել, քանի որ իրենց թույլ չեն տալիս աստիճաններից այն կողմ անցնել:


Նշենք, որ նստացույցի մասնակիցների բաժանած թռուցիկները հետևյալ բովանդակության էին.
«Տրանսպորտի գնի թանկացումը կասեցված է, բայց ոչ վերջնական, կրիմինալը ներթափանցել է քաղաքապետարան, պահանջում ենք հեռացնել պաշտոնից՝ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին

Նաև գծի տեր է (կոռուպցիա), թանկացման պատասխանատու է, հայհոյել, ծեծել, սպառնացել է քաղաքացիներին:

«Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին

Նաև գծի տեր է (կոռուպցիա), բռնի ուժ է գործադրել քաղաքացիների վրա, գծատերերի հետ հարձակվել է մարդկանց վրա:
Նման արժեքներ կրող մարդիկ չե՛ն կարող պաշտպանել մեր շահերը, մեր հարկերից աշխատավարձ ստացող պաշտոնյան պետք է ծառայի մեզ»: