Ասոցացման համաձայնագիրը մեզ նոր հնարավորություն է տալու նաև արտագաղթի խնդրի լուծման առումով. Գագիկ Մինասյան
Ազգային ժողովի պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծում է, որ երկրում արտագաղթն իսկապես ամենակարևոր խնդիրներից մեկն է, և այդ առումով իրականացվող քայլերը շարունակական են լինելու, և որ Ասոցացման համաձայնագիրը նոր հնարավորություններ է տալու նաև այդ խնդրի լուծման հարցում:
«Ասոցացման համաձայնագիրը մեզ նոր հնարավորություն է տալու, մենք կունենանք նոր ներդրումներ և այլն»,- այսօր կայացած ասուլիսիսն ասաց նա՝ նշելով, որ Հայաստանը ստորագրում է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, որը Ասոցացման համաձայնագրի մի մասն է:
ՀՀ եվրոասոցացման գործընթացին ընդառաջ Գագիկ Մինասյանը կարծիք հայտնեց, թե դրա ընթացը գնում է բավականին հարթ, և չափազանց մեծ է հավանականությունը, որ Հայաստանը նոյեմբերի վերջին կստորագրի համաձայնագիրը:
«Հայաստանն ունի հստակ կողմնորոշում ռազմաքաղաքական վեկտորի առումով, դա ՀԱՊԿ-ն է, և մենք տեսանելի ապագայում չենք պատկերացնում, որ ռազմաքաղաքական այլ դաշինք կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին»,- ասաց նա՝ հավելելով, որ Եվրոպական ինտեգրացիան եղել և մնում է մեր պետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը:
Նա նշեց, որ հակված չի մտածելու, թե Ռուսաստանի կողմից զենքի տրամադրումն Ադրբեջանին այս ընթացքի հետ կապ ունի. «Մեզ համար կարևոր է ունենալ Ռուսաստան և Ռուսաստանի համար նույնքան կարևոր է ունենալ հզոր Հայաստան»:
Գագիկ Մինասյանի կարծիքով՝ սա հնարավորություն է, իսկ թե ինչքանո՞վ կօգտվի Հայաստանն այդ հնարավորությունից, այլ հարց է. «Դա կախված է մեզնից»:
Ամփոփելով ասելիքը՝ ԱԺ պատգամավորը նշեց. «Մենք երբեք չենք հարաբերվել եվրոպական երկրների հետ որպես անկախ պետություն, այսօր այդ հնարավորությունն ունենք, և մենք գնում ենք հստակ խնդիրների լուծման ճանապարհով և այս տեսակետից հիասթափություններ լինել չեն կարող»:










