Տանիքից վայր ընկած 10-ամյա տղան չի մահացել, ուղղակի շնչառության և սրտի կանգ է ունեցել. վերակենդանացման բաժանմունքի վարիչ
Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն տեղափոխված Խորենացի 3-րդ նրբանցի բնակիչ 10-ամյա Նորայր Ջուլհակյանը չի մահացել, ուղղակի եղել է շնչառության և սրտի կանգ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
Նշենք, որ Tert.am-ը հղում տալով Shamshyan.com-ին գրել էր, որ Խորենացի 3-րդ նրբանցքի բնակիչ 10-ամյա Նորայր Ջ-ն վայր է ընկել տանիքից: Դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության բրիգադը փորձել է օգնություն ցուցաբերել երեխային, սակայն երեխան արդեն մահացած է եղել:
«Երեխան ընկել է և միանգամից շնչառության և սրտի կանգ է ունեցել։ Շտապօգնությունը, երբ որ գնացել է, դա ֆիքսել է և բերել է հիվանդանոց։ Շուրջ 20 րոպեի ռեանիմացիայի ընթացքում սրտի աշխատանքը վերականգնվել է»,-ասաց նա։
Աննա Չոբանյանը նշեց, որ այս պահին երեխան անգիտակից վիճակում է։ «Շնչում է արհեստական շնչառության ապարատով, բայց սրտի աշխատանքը վերականգնվել է»,- ասաց նա։
Tert.am-ը հայցում է ձեր ներողամտությունը և մաղթում երեխային արագ ապաքինում։










