Փորձելու են վրեժխնդիր լինել. Գորիսի նախկին քաղաքապետը Սուրիկ Խաչատրյանի մասին

09:07 • 01.08.13

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն ահազանգում է, որ իր կյանքը վտանգված է, քանի որ ինքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա «բանդայի», ոճրագործությունների մասին անցած 55 օրերի ընթացքում 50-ից ավել փաստեր է հրապարակել, ինչի համար էլ կփորձեն իրենից վրեժ լուծել:


«Նրանք փորձելու են վրեժխնդիր լինել, մանավանդ հայտնի է, որ Լիսկայի եղբայրներից մեկը՝ Աղալար մականունը կրող Սեյրան Խաչատրյանը «գժի թուղթ» ունի, ինչը տրվել է ապօրինի, պարզապես հանցագործությունների դեպքում անպատիժ մնալու համար, և այդ թուղթն անմեղսունակության հնարավորություն է տալիս նրան»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։


Սամվել Հարությունյանն ընդգծեց, որ այդ վտանգն առկա է ոչ միայն իր, այլ նաև մյուս քաղաքացիների համար. «Դրա համար անընդհատ պնդում եմ, որ Հայաստանի իրավական համակարգը, վերջապես, վերջ դնի Լիսկայի և իր «բանդայի» 23-ամյա ոճրագործ ընթացքին: Այդ «բանդան» պետք է, վերջապես, պատասխան տա իր կատարած ոճիրների համար»:


Սամվել Հարությունյանի խոսքով՝ իր նկատմամբ բիրտ վերաբերմունքը սկսվել է դեռ 1990թ.-ի աշնանից, երբ իր ընկերոջը՝ կամավորական ջոկատի հրամանատար Սոս Սարգսյանին, առևանգել և խոշտանգել են «Լիսկան և նրա նման մի խումբ վայրի գորիսեցիներ»:


«Դրանից հետո նույնպես եղել են բիրտ վերաբերմունքի դրսևորումներ, երբ անկախ իշխող քաղաքական ուժի կամքից, ես ընտրվել էի Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ: Հետո, երբ բռնությամբ ու զենքի սպառնալիքի տակ փորձեցին հասնել իմ հրաժարականին, ինչը չեղավ»,- ասաց նա


«Դրանից հետո նույնպես այս տարիներին շատ ու շատ բռնություններ է կիրառել բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ»,- ասաց նա՝ նշելով, որ այդ ամենի համար Սուրիկ Խաչատրյանը որևէ պատասխանատվության չենթարկվեց:


Սամվել Հարությունյանի խոսքով՝ զարմանալի կլինի կարծել, թե նախկին մարզպետը բռնություն չի գործադրի իր նկատմամբ, մարդ, որն այդքան փաստեր է հրապարակել:


Սուրիկ Խաչատրյանի՝ արտասահման գնալու խոսակցությունների մասին Սամվել Հարությունյանն ասաց, որ ինքն առիթ է ունեցել կոչով դիմելու երկրում գտնվող այլ երկրների դեսպաններին, բոլոր միջազգային կառույցներին է ներկայացրել նրա «բանդայի կատարած ոճրագործությունների մասին փաստեր» և կոչ է արել, որպեսզի նրա նկատմամբ երկրի ղեկավարների, իրավապահ մարմինների «հանցավոր անգործության և այդ հոգատարության» վերաբերմունքը պահեն իրենց ուշադրության կենտրոնում, ինչպես և նաև միջամտեն:


«Կոչ եմ արել, որպեսզի չեղյալ համարեն Լիսկային և իր նմաններին տրված մուտքի արտոնագրերը և չեմ բացառում, որ նա ուղղակիորեն չի կարողանա որևէ նորմալ երկրում բնակություն հաստատել»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի՝ արդարադատության առաջ կանգնելուն, Սամվել Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ դա լինելու է վաղ թե ուշ. «Հանրահայտ է, որ հայ ժողովուրդն իր անկախ պետության մեջ, ըստ էության, իրավական համակարգ չունի, մեր երկրի իրավապահ համակարգը գործող իշխանության կցորդն է, կատարում է նրա պատվերները և ընդդիմադիր, անտեր քաղաքացիների նկատմամբ ծայրահեղ վերաբերմունք ցուցաբերում հանցանք կատարելու կամ անգամ չկատարելու դեպքում, իսկ Լիսկայի նմանների նկատմամբ հակառակն է անում, հոգատարությունն է մեծացել, նրա նմաններին շնորհվում է պետական բարձր պարգևներ»:


Նրա կարծիքով՝ եթե այդ հարցը իշխանությունները չլուծեցին, վաղ թե ուշ ժողովուրդն է լուծելու։ «Ես վստահ եմ, որ շուտով՝ սեպտեմբերին, ժողովուրդը պոռթկալու է, և հուժկու շարժում է սկսվելու, շատ ցավալի է, որ սեփական երկրում ժողովուրդը սկսի ազգային-ազատագրական պայքար, բայց ժողովրդին դրել են այնպիսի վիճակի մեջ, որ մնացել է այդ քայլը կատարել»,- ասաց նա:


Նախկին քաղաքապետը կարծիք հայտնեց նաև Գորիսում այժմ տիրող մթնոլորտի մասին. «Պատահական չէ, որ լեռնահայաստանի մայրաքաղաք Գորիսը, որն իսկապես արծվաբույն է եղել իբրև բնակավայր դարեր շարունակ, իբրև քաղաք՝ արդեն մոտ 130 տարի, ամեն ինչ արել են, որպեսզի դարձնեն հավաբուն, մի՞թե այլ կերպ է լինում, երբ հավաբնին պահակ է կարգվում աղվեսը»:


Վերջում Սամվել Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ Սյունիքում լուրջ տեղաշարժեր են գրանցվում ժողովրդի հոգեբանության մեջ. մարդիկ ազատվում են այդ ահ ու սարսափի զգացումից և պատրաստվում «շատ կարևոր դերակատարություն ստանձնել Հայաստանի ազատագրության» գործում: