Սևանի վթարային շենքի բնակիչները պահանջում են կա՛մ վերանորոգել իրենց շենքը, կա՛մ պատշաճ գումար տրամադրել

14:11 • 01.08.13

Կառավարության այսօրվա որոշմամբ Սևանի քաղաքի վթարային Նալբանդյան 36 բազմաբնակարան շենքի երկրորդ մուտքի բնակիչների բնակարանային խնդիրները կլուծվեն` Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված 57,5 մլն դրամի սահմաններում:


Նույն շենքի բնակիչներն այսօր կառավարության շենքի առջև էին: Նրանք պահանջում են կա՛մ վերանորոգել իրենց շենքը և վերադարձնել բնակարանները, կա՛մ ըստ պատշաճի փոխհատուցել: Բնակիչներից Մարիետա Նիկողոսյանը նշեց, որ կառավարության տրամադրած գումարը շատ քիչ է և իրենք այդ գումարով չեն կարող բնակարաններ գնել:


«Մենք արդեն գիտենք, որ 1 սենյականոց բնակարանին տրամադրելու են 3 մլն 100 հազ. դրամ, ով որ պատշգամբ ուներ՝ 3 մլն 600 հազ. դրամ, իսկ 3 սենյականոցներին՝ 5 մլն դրամ: Սա շատ քիչ գումար է: Մենք «ռազմական գործողություններից ու ռմբակոծություններից անօթևան մնացած քաղաքացիներին ցուցաբերված աջակցություն» ծրագրի տակ ենք, իսկ այդ գումարով մաքսիմալ գումարը 5 մլն է»,- ասաց նա և ընդգծեց, որ իրենք նոր բնակարաններ չեն կարողանա գնել տրված գումարներով:


Մարիետա Նիկողոսյանը նշեց, որ իրենք արդեն 2-3 տարի է՝ վարձով են ապրում և այլևս հնարավորություն չունեն վարձ տալ, քանի որ շատերն անգամ աշխատանք չունեն:


«Շուրջ 5 ընտանիք այսօր ստիպված իրենց կյանքը վտանգի տակ դնելով ապրում է վթարային շենքում, ես էլ եմ արդեն որոշել գնալ իմ վթարային բնակարանում ապրել, քանի որ այլևս ի վիճակի չեմ վարձով ապրել»,- ասաց նա: