Արգիշտի Կիվիրյանին ազատ են արձակել (ուղիղ, լուսանկարներ, տեսանյութեր, տարբերակ 10)

15:15 • 01.08.13


Քաղաքապետարանի դիմաց արդեն 6-րդ օրը նստացույց անող երիտասարդների համար այսօր փորձ է արվելու վրան տեղադրել։ Մարդկանց թիվը քաղաքապետարանի մոտ ավելանում է, սակայն վրանը դեռ չի բերվել։


Tert.am-ի հարցին, թե թույլատրվելո՞ւ է արդյոք վրան տեղադրել, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»։


Նա նշեց, որ ակտիվիստները քաղաքապետարանից թույլտվություն չեն ստացել և առհասարակ դիմում չեն ներկայացրել՝ նման իրավունք ստանալու համար։


«Թող թույլտվություն ստանալու թուղթը ներկայացնեն, և մեկի փոխարեն 10 վրան դնեն»,- նշեց նա։


Ոստիկանների թիվը ևս աստիճանաբար ավելանում է։


12.18


Ցուցարարներն արդեն ցանկանում են վրան տեղադրել, իսկ Օսիպյանի պնդումներին, թե իրավունք չունեն առանց լիազոր մարմնի թույլտվության վրան տեղադրել, քանի որ դա անօրինական է, ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանը պնդեց, որ ոստիկանի հղում արած օրենքում չկա վրանի տեղադրումն արգելող կետ։


Վրանը տեղադրելու համար ակտիվիստները սպասում են, որ իրենց թիվն ավելանա։ Քաղաքապետարանին հարակից խոտածածկ տարածքում գունավոր թղթերից փոքրիկ վրաններ են շարվել, իսկ ակտիվիստուհիներից մեկը վրան է պարզել, որի վրա գրված է «Վրանենք Երևանի քաղաքապետարանը»։



12.20

Այս պահին ակտիվիստները փորձում են վրան տեղադրել Քաղաքապետարանի դիմաց, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս։

 
   


12.36


Ոստիկանությունը բերման ենթարկեց Արգիշտի Կիվիրյանին։ Պարզաբանելով նրան տանելու որոշումը Օսիպյանը պատասխանեց, որ նա ոստիկանների օրինական պահանջին չի ենթարկվել։

Ցուցարարները ցանկանում են երկու տարբեր հատվածներում երկու վրան տեղադրել։ Չնայած վրանները բացվել են, սակայն թույլ չի տրվում այն դնել հատակին։

Ժամանակ առ ժամանակ իրավիճակը լարվում է։ Ոստիկանությունն անընդհատ հայտարարում է, որ ցուցարարների քայլերն անօրինական են։

Այնտեղ է նաև Վարդգես Գասպարին, ով «խուլիգան-խուլիգան ոստիկանություն է» բղավում։
Նստացույց անողները վրանների տեղադրմանը չեն մասնակցում։


 


12.43

Քաղաքապետարանի հրմշտոց է ոստիկանների և ցուցարարների միջև, մեկ մարդ բերման է ենթարկվել


Սկսվել է հրմշտոց։ Մի կին, որը վրանը բացելու պահանջ էր ներկայացնում, ուշաթափվել է։ Թե՛ ոստիկանությունը, թե՛ ակցիայի մասնակիցները փորձում են ուշքի բերել նրան։


Քաշքշոցից պատռվել է նաև ակտիվիստ Վարդգես Գասպարիի վերնաշապիկը։


Ակտիվիստները բարձրաձայնում են, որ բոլոր գործողությունների պատասխանատվությունը ոստիկանության վրա է։ Ոստիկաններն իրենց հերթին մեղադրում են ցուցարարներին։


 


12.53

Ոստիկանությունն առգրավել է ակտիվիստների վրանները

Ոստիկանությունը վրաններն առգրավել է։ Ակտիվիստները պահանջում են վերադարձնել վրանները, նշելով, որ ուրիշի գույքը պահելը հակաօրինական է։ Վալերի Օսիպյանը նշում է, որ ավելի ապահով տեղ, քան ոստիկանությունում, գույքը չի կարող պահվել։

Նա հավաստիացնում է, որ գույքը առայժմ կմնա իրենց մոտ, իսկ հետո, երբ նպատակահարմար կգտնեն, կվերադարձնեն։



 


13.03


Հայտարարելով, որ ոստիկանությունն «առևանգել է» իրենց ընկերոջը՝ Արգիշտի Կիվիրյանին, ցուցարարները երթով շարժվում են դեպի Ոստիկանության Կենտրոնի բաժին՝ պահանջելու, որ ազատ արձակեն նրան։

Ոստիկանությունն ուղեկցում է երթի մասնակիցներին։
 


13.12


Ակտիվիստները փակել են քաղաքապետարանի դիմացի՝ Արգիշտիի փողոցը և պահանջում են ոստիկանների հավաքած պաստառները հետ բերել, որոնցով ներկայացնում էին իրենց պահանջները։


Վալերի Օսիպյանը խոստացավ վերադարձնել և ոստիկանները արագ վերադարձրեցին, ինչից հետո միայն նստացույցի մասնակիցները բացեցին ճանապարհը։


Այժմ ակցիայի մասնակիցների մի մասը գնում է Ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ մյուս մասը մնացել է և շարունակում ակցիան։

 


15։15

«Արգիշտի Կիվիրյանին Ոստիկանություն տեղափոխել են ոստիկաններին դիմադրություն ցույց տալու հիմքով և պետք է ենթարկեն վարչական պատասխանատվության»,- ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այս պահին Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ է։

Կիվիրյանի կողմը պնդում է, որ բռնություն է կիրառվել և վերջինս վնասվածքներ ունի։ Ակտիվիստները պատմել են, որ Արգիշտի Կիվիրյանը պառկել է վրանի վրա և նրան «վրանով փաթաթել տարել են»։


Նիկոլ Փաշինյանն ասեց, որ նրան բաց կթողնեն 3 ժամը լրանալուց հետո։ Ի դեպ՝ Ոստիկանություն նրա մուտք գործելու պահը ֆիքսվել է՝ 12։40, սակայն Կիվիրյանի կողմը պնդում է, որ ժամային խախտում կա և Կիվիրյանին այժմ արդեն պետք է ազատ արձակած լինեին, քանի որ Ոստիկանությունում նրա մուտք գործելու պահը կես ժամ սխալ է գրվել։

Նրան ներկայացված մեղադրանքի հետ համաձայն չեն, քանի որ համարում են, որ օրենքի խախտում թույլ չեն տվել։



16.02


Արգիշտի Կիվիրյանին ազատ են արձակել

Արգիշտի Կիվիրյանը դուրս է եկել ոստիկանությունից։ Լրագրողների հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, և չի ընդունել իրեն ուղղված մեղադրանքները։
 

Կիվիրյանը հայտարարեց, որ 10 ոստիկաններ էին իրեն առևանգել և վնասվածքներ են հասցրել։ Նա նաև նշեց, որ ինքը պահանջելու է, որ իր նկատմամբ անօրինական գործողություններ, բռնություն կատարած, բոլոր անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ոստիկանությունում արդեն որոշվել է նշանակել դատաբժշկական փորձաքննություն։

Ակտիվիստը նշեց նաև, որ իրեն 12։20 են բերել ոստիկանություն, բայց արձանագրել են 12։40: Ազատ արձակման ժամերը ևս խախտումներով են եղել։

 



  Ուղիղ եթերը՝ Civilnet.am-ի