Վրաստանի պաշտպանության նախարարն Ադրբեջանին և Թուրքիային ռազմական ոլորտում համագործակցության առաջարկ է արել
Արդեն ժամանակն է, որ ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի հետ եռակողմ համագործակցություն ստեղծվի։ Eurasianet-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։
Ինչպես հայտնում է apsny.ge-ն, նախարարը նշել է, որ Վրաստանը կարևորում է ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի փորձը։
«Ինձ համար դա շատ հետաքրքիր է։ Այս փուլում համագործակցությունը սահմանափակվում է միայն տեղեկատվության փոխանակմամբ։ Սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մենք միասին կարող ենք աշխատել հետաքրքիր հարցերի շուրջ։ Վրաստանն ու Ադրբեջանը միանման մարտահրավերների առաջ են կանգնած, և առաջնահերթությունները ևս նման են. մենք պետք է պահպանենք Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, նաև առկա ռազմավարական նախագծերի անվտանգությունը»,-ասել է Ալասանիան։
Նա նշել է, թե հենց դրա համար էլ կարծում է, որ համագործակցությունը պաշտպանության ոլորտում դրական արդյունք կտա համատեղ տարածաշրջանային նախագծերի համար։










