Կանարյան կղզիների մոտ գտնվող զբոսանավում 500 կգ կոկաին է հայտնաբերվել

11:08 • 02.08.13

Իսպանիայի ոստիկանությունը 500 կիլոգրամ կոկաին է առգրավել Կանարյան կղզիների մոտակայքում գտնվող զբոսանավից, հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով France-Presse-ին:

 

Ոստիկանությունը ձերբակալել է հինգ հոգու՝ երկու իսպանացու, մեկ իռլանդացու, ամերիկացու և ավստրալուհու: Իսպանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մաքսանենգների խումբը մեծ քանակությամբ կոկաինը Հարավային Ամերիկայից տեղափոխում էր Կաբո-Վերդե, որտեղից ավելի փոքր չափաբաժիններով թմրանյութը հասցվում էր Կանարյան կղզիներ:

 

Թմրանյութից բացի ոստիկանությունը հայտնաբերել է նաև զենք, թանկարժեք իրեր և ոսկի՝ 135 հազար եվրո արժողությամբ, և 40 հազար եվրո կանխիկ գումար: Ոստիկաններն առգրավել են նաև երկուական առագաստանավ և թանկարժեք ավտոմեքենա և հանցախմբին պատկանող այլ իրեր:

 

Անցած տարի Իսպանիայի ոստիկանությունն առգրավել է 20,7 տոննա կոկաին, որը 24,9 տոկոսով ավելին է, քան 2011 թվականին, և 325,5 տոննա հաշիշ՝ 8,5 տոկոսով ավելի քիչ, քան 2011 թվականին: