Ադրբեջանում նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 9-ին

15:00 • 02.08.13

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես նշանակել է երկրում հերթական նախագահական ընտրությունների անցկացման օրը։ Ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին։
 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, որոշումը կայացվել է այսօր՝ ԿԸՀ նիստում։

 

ԿԸՀ նախագահ Միզահիր Փենահովը ելույթի ժամանակ նշել է, որ համաձայն Ադրբեջանի ընտրական օրենսդրության՝ նախագահական ընտրությունները պետք է կայանան հոկտեմբերի երրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը։ 2013թ.-ին այդ օրը լինում է հոկտեմբերի 16-ին, ինչն իսլամական Կուրբան Բայրամ տոնի հետ է համընկնում և համարվում է հավատացյալների՝ Մեքքա այցելելու վերջին օրը։

 

Համաձայն Ադրբեջանի Միլի մեջլիսի կողմից Ընտրական օրենսգրքում իրականացված փոփոխությունների, եթե ընտրությունները համընկնում են տոնական կամ ոչ աշխատանքային օրերի հետ, քվեարկությունը տեղափոխվում է նույն ամսվա մեկ այլ աշխատանքային օր։

 

Առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու է «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու, գործող նախագահ Իլհամ Ալիևը, որն արդեն երրորդ անգամ է պայքարում նախագահի պաշտոնի համար։

Ընդդիմության միակ թեկնածուն Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ներկայացուցիչ, գրող Ռուստամ Իբրահիմբեկովն է։

 

Նախագահ դառնալու ցանկության մասին խոսել են նաև քաղաքագետ Արաստուն Օրուջլուն և Քաղաքացիական զարգացման կուսակցության նախագահ Ալի Ալիևը։