Օգոստոսի 23-ին «Ժառանգությունը» բոլորին հրավիրում է հանրահավաքի

12:24 • 02.08.13

Օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի օրը, «Ժառանգություն» կուսակցությունը Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Իսկ մինչ այդ շարունակելու են իրենց զորակցությունը նույն հրապարակում իրենց բողոքի ձայնն արտահայտող ազատամարտիկներին, տրանսպորտի հետ կապված խնդիրների շուրջ պայքարող երիտասարդներին:


«Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին ասուլիսից հետո շատ քննարկումներ եղան, ուղղորդված ու ոչ ճշգրիտ ինֆորմացիա էր տարածվում: Փորձում էին հասարակությանը շեղել այն շարունակական պայքարից, որն այս տարիների ընթացքում տարել է «Ժառանգությունը»: 1992-ից ասում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս է գալիս քաղաքական դաշտից, բայց կայնքը ցույց տվեց, որ նա ոնց քաղաքականության մեջ եղել է, այդպես էլ շարունակում է: Այս տարվա նախագահական ընտրություններին հասարակությունն իր վստահության քվեն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին և դրանով մեծ պատասխանատվություն է դրել նրա վրա»,- ասաց նա:
Հանրահավաքի օրակարգում մեկ հարց է լինելու՝ գտնել Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս հանելու ելքեր:


Այն դիտարկմանը, թե արդեն մի քանի ամիս է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքներ չի հրավիրել, հանդիպումներ չի ունեցել ժողովրդի հետ, արդյո՞ք վստահ են, որ ժողովուրդը կհավաքվի Ազատության հրապարակում, Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընթացքում եղել է մարզերում և հանդիպել մարդկանց հետ:


«Հանդիպումներից մի քանիսին մասնակցել եմ ու տեսել եմ, թե ինչպես են մարդիկ մոտենում, հիասթափության էլեմենտ կա՝ թե ինչու չստացվեց, բայց ասում են՝ նորից սկսեք, կգա՛նք, կկանգնե՛նք: Ես շատ ակտիվորեն շփվում եմ մարդկանց հետ, որևէ մեկը չի ասել, որ ինքը մեր սխալ գործունեությունից հիասթափվել է: Կգան, թե չեն գա, դա մի հարց է, հիասթափվելը՝ մեկ այլ»,- ասաց նա:


Արմեն Մարտիրոսյանը նաև ընդգծեց, որ իրենք բազմիցս հայտարարել են, որ սա երկարատև պայքար է և երկրում որևէ բան փոխելու համար պետք է միավորվեն քաղաքական ուժերը, հասարակական գործիչները, քաղաքացիական հասարակությունը և ողջ ժողովուրդը: