Ջավախահայությունը հիասթափված է Վրաստանի նոր իշխանություններից. վրացագետ
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ այսօր ջավախահայության շրջանում արդեն հիասթափություն կա Վրաստանի նոր իշխանություններից, որովհետև սպասումները շատ էին:
«Այսօր փորձում են Վրաստանում ժողովրդավարական պետություն ստեղծել, սակայն մեր հայ համայնքը դեռևս միասնական չէ, կան «Վրացական երազանք»-ի կողմնակիցներ և այլն, և այս պարագայում նոր իշխանությունները փորձում են հայկական խնդիրներին անդրադառնալ, բայց այս պահին իշխող ուժերը թույլ չեն տալիս նոր իշխանություններին կատարել իրենց խոստումները»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Խոսելով Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններից՝ վրացագետը նշեց, որ արդեն կա 23 թեկնածու կա, բայց այսօրվա դրությամբ ֆավորիտներն են «Վրացական երազանք» կուսակցությունից Գեորգի Մարգվելաշվիլին, Դավիթ Բաքրաձեն և մի շարք այլ քաղաքական գործիչներ:
«Այսօրվա դրությամբ Վրաստանում տնտեսական անկում է գրանցվում, և ընդդիմությունը «Միացյալ ազգային շարժումը», պնդում է, որ նոր իշխանությունների գործունեությամբ է պայմանավորված այդ ամենը»,- ասաց նա՝ հավելելով, որ տնտեսական անկումի հետ կապված ընդդիմությունը առաջարկում է քննարկում անցկացնել և ելքեր գտնել այդ իրավիճակից:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը մեղադրում է վարչապետին, որ եկել է իշխանության և, խնդիրները չլուծելով, փորձում է հեռանալ.«Խոսքը Բիձինա Իվանիշվիլիի՝ իշխանությունից հեռանալու մասին տրված խոստումն է, սակայն ֆորսմաժորային իրավիճակ կարող է լինել, և Բիձինա Իվանիշվիլին շարունակի պաշտոնավարել»:
Վրացագետի կարծիքով՝ հայ համայնքն այնքան էլ քաղաքականացված չէ Թբիլիսիում, Աջարիայում, ինչը լավ չէ հայերի համար: «Ընտրություններին կա ադրբեջանցի թեկնածու և ոչ մի հայ չի առաջադրվել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հայերն ավելի շատ կենտրոնացած են տնտեսական խնդիրների վրա։
«Այո, շատ լավ է, որ երկրում կոռուպցիան վերացած է, բայց եթե գրպանդ դատարկ է, դա այնքան էլ չի հուզում քեզ»,– ավելացրեց Ջոնի Մելիքյան:










