Վենեսուելայի նախագահն ընդդիմությանը սպառնացել է աստվածների զայրույթով
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, անդրադառնալով իր դեմ մահափորձի բացահայտմանը, հայտարարել է, որ եթե դա հաջողությամբ իրականացվեր, երկրում քաղաքացիական պատերազմ կսկսվեր, իսկ ընդդիմության վրա կթափվեր բարձրագույն ուժերի զայրույթը, հայտնում է Взгляд-ը։
«Եթե նրանց հաջողվեր ինձ շարքից հանել՝ սպանության միջոցով, նրանց վրա կթափվեր աստվածների զայրույթը, և դժբախտաբար, մեր երկրում կսկսվեր հակամարտություն, որտեղ բռնությունը շատ կլիներ, սակայն հեղափոխությունը, ամեն դեպքում, կհաղթանակեր»,-ասել է նա։
Նա հայտարարել է, որ պատմությունն է իրեն ստիպել զբաղեցնել նախագահի աթոռը։
«Ես երբեք չեմ ցանկացել նախագահ լինել, մենք այստեղ ենք հայտնվել պատմության շնորհիվ, ես երբեք անձնական հավակնություններ չեմ ունեցել»,-ասել է նա՝ աջակցություն խնդրելով ժողովրդից։
Մադուրոն նաև հայտարարել է, որ չի հրաժարվելու ժողովրդի հետ փողոցներում շփվելու փորձից՝ չնայած կյանքին սպառնացող վտանգին։
Հիշեցնենք, որ երեկ Վենեսուելայի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ կանխվել է Նիկոլաս Մադուրոյի դեմ հուլիսին պլանավորված մահափորձը։










