Տավուշում գյուղացին դժգոհ է դեղձի մթերումից. նախարարությունը մեկնաբանում է իրավիճակը

09:46 • 02.08.13

Տավուշի մարզի Պտղավան գյուղի այգեգործ Մանուկ Հարությունյանը, ով ներկայումս 10 հա դեղձի այգի ունի, բողոքում է, որ իր բերքը փչանում է: Բացի այդ, նա դժգոհ է դեղձի մթերումից. մթերող ընկերություններից «Սպայկային» հարկավոր է արտահանման ենթակա, որակյալ դեղձ, իսկ մարզի Այրումի պահածոների գործարանը մթերումը նախատեսել է սկսել օգոստոսի 5-ից, որպեսզի մինչ այդ բերքն ավելի և համատարած հասունանա։


«Մոտ 10 հեկտարի չափ էս պահին պտղաբեր այգի ունեմ, անցած տարի 200 տոննա իրացրել եմ, մի 400 տոննան էլ տակը փտել ա, անցած տարի մի 5-6 հեկտար կտրել եմ, մնացածն էլ էս տարի եմ կտրելու, կտրելու եմ գարի ցանեմ էդ նախարարների բանի համար, լրիվ լուրջ եմ ասում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանուկ Հարությունյանը:


Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով եղել էր Տավուշի մարզում, որտեղ վստահեցրել էր բնակիչներին, որ բերքի մթերման խնդիր չի լինի:



Մանուկ Հարությունյանը խոսքով՝ բերքը մթերվելու է 40-50 դրամով, սակայն ինքը կգերադասեր բերքը թողնել ծառի տակ, քան այդ գնով հանձնել: «Էդ գյուղատնտեսության նախարարն ինչ ասում ա, սուտ ա ասում, էսօր ոչ մի նորմալ մթերող չկա, ոչ մի արտահանող չկա, ոչ մի բան չկա»,- զայրացած ասաց նա՝ ավելացնելով, որ մի օր էլ «Գրանդ քենդիից» են այցելել իրենց ու գնացել. «Նախարարի խորհրդակցությունից հետո բոլորը գալիս են, ներկայանում ու կորում: «Սպայկային» էլ չեմ տալիս իմ բերքը, որովհետև հիմնականում այն կարկտահարված է»:
 

Մանուկ Հարությունյանը նաև նշեց, որ ինքը 2 տարի առաջ 20 հա այգի ուներ, հիմա կամաց-կամաց կտրում է ծառերը: «Երկու տարի առաջ եկամուտ ստանում էինք, հիմա վաբշե չենք ստանում»,- ասաց նա և դա պայմանավորեց նրանով, թե մարդիկ հեռանում են երկրից, իսկ այստեղ մնացած մեծահասակներին էլ հարկավոր չէ պահածո պատրաստել: Գնի մասին էլ դժգոհեց, թե հիմա ինչ գնով պատահում է, դրանով էլ վաճառում են:
 

Տավուշի մարզի Պտղավան գյուղի գյուղապետ Արայիկ Պարամյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով մթերման խնդիրներին, ասաց, որ կարկուտը մեծապես վնասել է բերքը, 90%-ը տեսքից ընկած է: «Սպայկան պետք է մթերում աներ, նորություն չկա, Այրումի գործարանը պետք է մթերեր, էլի նորություն չկա, բերքն արդեն հասունանում է, ժողովուրդը չգիտի ինչ պետք է անի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ բերքի ծավալները գրեթե անցած տարվա չափ կլինեն, բայց այս տարվա բերքն ապրանքային տեսք չունի, ինչի պատճառով այն շուկայում դժվար է վաճառվում, արտահանման համար էլ պիտանի չէ:


Ինչ վերաբերում է «Սպայկայի» կողմից մթերվող ապրանքին, նա ավելացրեց, որ կիսախակ վիճակում ժողովուրդը քաղում է դեղձը ու տալիս «Սպայկային», բայց այդ բերքը դեռ մեծանալու և քաշ հավաքելու տեղ ունի, այսինքն՝ բերքը խակ վիճակում վաճառելը ձեռնտու չէ գյուղացուն։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ «Սպայկային» էլ չեն կարող մեղադրել, քանի որ արտահանվող բերքը պետք է լավ որակ ունենա։ «Իրենց էլ մեղադրելու չի, արտահանում են բերքը, պիտի նորմալ լինի»,– ասաց նա:


Գյուղապետի խոսքով՝ դեղձի ինքնարժեքը 80 դրամ է, և գործարանը, եթե 50 դրամով ընդունի, գյուղացին վնասով կփակի սեզոնը: «Եթե իրացումը լավ չլինի, այգիները կկտրեն»,-մտահոգություն հայտնեց նա և ավելացրեց. «Ամենամեծ այգիները մեր գյուղում են, մոտ 200 հեկտար դեղձի այգիներ ունենք»:
 

Վերջինիս խոսքով՝ իրենց մոտ չրի գործարան կա, որի համար կարկտահարված բերքը հարմար է, բայց դա էլ այդ ծավալը չի կարող ընդունել։ «Կոպիտ ասած՝ ժողովուրդը բերքի ձեռքը կրակն է ընկել, անորոշ վիճակ է»,– ընդգծեց նա:


Խնդրի շուրջ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց, որ վաղահաս բերքը ո՛չ մթերվում է, ո՛չ էլ արտահանվում և դա պետք է մթերվի ներքին շուկայում: Վերջինիս փոխանցմամբ՝ մի քանի օրից արդեն Արտաշատի պահածոների գործարանը կսկսի մթերում իրականացնել, բերքի տեղափոխումն էլ, ինչպես միշտ, իրականացնելու է հենց գործարանը:


Անդրադառնալով Տավուշի մարզի Պտղավան գյուղի այգեգործ Մանուկ Հարությունյանի դիտարկմանը, թե նախարարի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում, փոխնախարար Ռոբերտ Մակարյանն ասաց. «Ով ասում է, որ նախարարը սուտ է խոսում, ուրեմն ինքը ճիշտ չի հասկանում, կամ փաստերը խեղաթյուրում է»: Վերջինիս փոխանցմամբ՝ միջահաս դեղձի մթերումը սկսվելու է մի քանի օրից:


«Սպայկա» ՍՊԸ–ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը Tert.am–ին տեղեկացրեց, որ այս պահին ընկերությունը մթերում է իրականացնում Նոյեմբերյանի տարածաշրջանից, Արարատի և Արմավիրի մարզերից 125 դրամով:


«Պետք է լինի արտահանման ենթակա բերք, որը կարկտահարված չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև այսօր մոտ 150 տոննա դեղձ են մթերել:
 

Տավուշի մարզի Այրումի պահածոների գործարանի տնօրեն Արմեն Սահակյանը Tert.am-ին ասաց, որ իրենք մթերումն իրականացնելու են օգոստոսի 5-ից, սկզբնական 50 դրամ են որոշել, հետագայում հնարավոր է 10 դրամ բարձրանա գինը: Նրա խոսքով՝ գործարանը նախատեսել է մթերել մինչև 1000 տոննա բերք: «Ինչքան բերեն, էնքան էլ կմթերենք»,- վստահեցրեց նա:


Հարցին, թե ինչու են հատկապես օգոստոսի 5-ից մթերելու դեղձը, գործարանի տնօրենը պատասխանեց.«Պիտի բերքը մասսայական հասնի, քանակը շատ լինի, որ սկսենք մթերել, մենք հիմա որ մթերենք, քաղցրության տոկոսը ցածր է, պիտի սպասենք ավելի հասունանա, որ քաղցրությունը բարձր լինի»:

 

Կոլաժի լուսանկարները վերցված են Apsa.am, news.am, 168.am կայքերից