Երկու զբոսաշրջիկ ինքնասպան է եղել Էդինբուրգի հյուրանոցներից մեկում
Զբոսաշրջիկ զույգը, որը ենթադրաբար Ռուսաստանից էր, ինքնասպան է եղել Էդինբուրգում (Շոտլանդիա) գտնվող հյուրանոցներից մեկում՝ ընդունելով ցիանիդի մահացու չափաբաժին, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի, Scotsman hotel-ում, որի տնօրենն էլ ոստիկանություն է կանչել: Զբոսաշրջիկների մարմինները գտել են վեցերորդ հարկի ննջասենյակներից մեկում: Ենթադրվում է, որ մահացած տղամարդը և կինը մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, չնայած տարբեր ազգանուններ են ունեցել:
Քանի որ զույգի մահվան պատճառը քիմիական նյութերից թունավորումն էր, ողջ վեցերորդ հարկը տարհանվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Հյուրանոցի շրջակա տարածքը, ինչպես նաև Հյուսիսային կամուրջը, որը կապում է Հին և Նոր քաղաքները, ժամանակավորապես փակվել են:










