Արա Պապյանն առաջարկում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանն առաջարկում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, քանի որ մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսական է, և դա կլուծվի միայն ազատ շուկայի պարագայում, իսկ ազատ շուկան կլինի այս համաձայնագրի դեպքում:
«Ռուսական կողմի այս ագրեսիան ընդհանրապես փոքր ճնշման քայլեր են Ասոցացման համաձայնագրի հնարավոր նախաստորագրման շեմին: Հիմա առաջարկում եմ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որը Ռուսաստանի մոտ ջղաձգություններ է առաջացնելու, բայց չստորագրելու դեպքում էլ այդ ջղաձգությունները լինելու են»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ հավելելով, որ Եվրասիական ուղղությունը փորձվածի կրկնությունն է, որի կարիքը երկիրը չունի. «Երկրորդ անգամ նույն գործողությունը չեն կրկնում, շատ պրոբլեմներ այդ քաղաքականության հետևանքն են մեր երկրում»:
Բանախոսի կարծիքով՝ Եվրասիական ընտրությունը երկրի ղեկավարման բարելավում չի բերի, փոխարենը Հայաստանը դառնալու է կցորդ, որն էժան բաներ է տալու, բայց արդյունքում մեզ ոչինչ էժան չի տրվելու: «Մենք պիտի գնանք այն ճանապարհով, որը հուսալի է. դա եվրոպական ճանապարհն է, և զարմանալի է քաղաքական ուժերի լռությունը, քանի որ բոլորը պետք է արտահայտվեն դրա մասին:
Խոսելով Հայաստանի սահմանը հատել փորձող թուրք հովվի մասին՝ Արա Պապյանը նշեց.
«Եթե ռուսական կողմը ցույց կտա զենքը, ուրեմն այն հրահանգված է եղել թուրքերի կողմից: Մի կողմից թուրքական կողմը պնդում է, որ պատահական է անցել հովիվը, մյուս կողմից պնդումներ կան, որ զինված է եղել և առաջին կրակողն ինքն է եղել: Առաջինի դեպքում ուժի ոչ օրինաչափ կիրառում է եղել, իսկ երկրորդի՝ պաշտպանություն»:










