Քաղաքապետարանից լավ առումով անակնկալներ չունենք, վատ առումով՝ մի բան էլ շատ են. Մանուկ Սուքիասյան

12:15 • 03.08.13

Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքապետարանի որոշումների շուրջ այսօր իր տեսակետը հայտնեց «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը՝ նշելով, որ լավ առումով անակնկալներ չկան, իսկ վատ առումով՝ դրանք մի բան էլ շատ են:


«Մենք հասկացանք, որ ունենք շատ անինքնուրույն քաղաքապետ, նոր իշխանությունները պատուհաս են երևանցիների գլխին: Մենք ունենք քաղաքի կառավարում, որն ինքը չգիտի, թե ինչ է ուզում, ծաղիկ տնկելով քաղաքը քաղաք չի դառնում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ ընդգծելով, որ երկիրը նման որակով կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչը չի կարող քաղաքը կառավարել այլ կերպ:


«Բավական է Սերժ Սարգսյանը ոտքը քաշի երկրից, միանգամից սկսում են օֆշոր և այլն և այլն»,- իր կարծիքը հայտնեց երիտասարդը:


Ինչ վերաբերում է վճարովի կայանատեղիների խնդրին, Սուքիասյանը զարմանք հայտնեց, թե ինչպես է ինչ-որ մասնավոր ընկերություն շահել մրցույթը, ու այդ գումարների հիմնական մասը պետք է գնա այդ ընկերությանը: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Փարքինգ Սիթի Սերվիս» ՍՊԸ-ի հետևում կանգնած է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը»,- ասաց նա:


Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում իր ուժերը փորձած և անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցության ներկայացուցիչը առաջարկում է, որ Երևանի քաղաքապետարանը ունենա տաքսի ծառայություն, ինչպես նաև կազմավորի քաղաքային տնտեսություն. «Դրանք էլեմենտար բաներ են, որոնք չեն արվում»:


Ինչ վերաբերում է վճարովի կայանատեղիների որոշման կասեցմանը, Մանուկ Սուքիասյանը նշեց, որ այս հարցում ավելի ռեալ լծակներ ունեն ավագանու մյուս երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և «Բարև Երևան» դաշինքը, որոնք չեն կանխել այդ որոշումը: Մինչդեռ պետք է ոչ թե որոշումը կայացնելուց հետո պայքարել դրա դեմ, այլ կանխել:


Ընդդիմադիր ուժերի համախմբման մասին էլ Մանուկ Սուքիասյանն ասաց, որ իրենց համատեղ առաջարկի նախորդ փորձերը վստահություն չեն ներշնչում, և այդ առումով իրենք ունեն դառը փորձ: