Դեռևս հայտնի չէ, թե Քաղավիացիան երբ կհայտարարի մրցույթ՝ «Արմավիային» փոխարինողներ ընտրելու համար

09:10 • 03.08.13

Թեև դեռևս հունիսի սկզբին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել էր, որ մինչև ամսվա վերջ մրցույթ կհայտարարվի, որի արդյունքում կորոշվեն հայկական երեք ավիափոխադրող ընկերությունները, սակայն մրցույթը դեռ հայտարարված չէ: Tert.am-ի հետ զրույցում քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը բացատրեց, որ մրցույթ կհայտարարի միայն այն ժամանակ, երբ McKinsey & Company ընկերությունը, որի հետ իրենք համագործակցում են, կներկայացնի համապատասխան խորհրդատվություն:

 

«Մրցույթ դեռևս չի անցկացվել , քանի որ հունիսի սկզբին կառավարության կողմից հաստատվեց զարգացման հայեցակարգը, որի վերաբերյալ ներկայումս քննարկումներ են իրականացվում McKinsey ընկերության հետ, որն ավիացիայի ոլորտում խորհրդատվական միջազգային շատ լուրջ փորձ ունի: Մրցույթի ժամկետներն այս պահին կախված է իրենց խորհրդատվության ներկայացումից»,-ասաց նա:

 

Սահակ Հակոբյանն ընդգծեց, որ երեք ավիափոխադրողներն էլ լինելու են հայկական, սակայն, այսպես կոչված, «ազգային փոխադրող» չի լինելու:

 

«Ազգային փոխադրող հասկացություն մենք չունենք մեր իրավական դաշտում: Ազգային փոխադրող հասկացության կարիքն էլ չկա մեր շուկայում: Լինելու են հայկական ընկերություններ, որոնք գրանցված են Հայաստանում և որոնց բաժնեմասի 51%-ն առնվազն պատկանում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց»,- ասաց նա:

 

Իսկ թե ինչու է որոշվել, որ պետք է գործեն երեք ավիափոխադրողներ և արդյո՞ք Հայաստանում ուղևորների թիվը բավարարում է, որպեսզի երեքն էլ կարողանան աշխատել և շահույթ ստանալ, Սահակ Հակոբյանը պատասխանեց, որ այդ թիվը որոշվել է կատարված վերլուծությունների արդյունքում:

 

«Մեր գնահատականներով՝ շատ չեն երեք ավիափոխադրողները, և այդ երեք թիվը վերցված չէ օդից: Մեր գնահատմամբ՝ ճիշտ մենեջմենթ և ճիշտ քաղաքականություն իրականացնելու դեպքում կարող են ունենալ և´ շահույթ, և´ չվերթների աշխարհագրություն»,- ասաց նա:

 

Հարցին, թե ի՞նչ է շահելու ՀՀ շարքային քաղաքացին, երբ Հայաստանում գործեն երեք հայկական ավիափոխադրող ընկերություններ, Սահակ Հակոբյանը նշեց, որ իրենք ակնկալում են, որ ավիացիոն ոլորտում կձևավորվի մրցակցային դաշտ, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին օգտվել որակյալ ու մատչելի փոխադրումներից:

 

«Մրցակցությունը հաճախ իր հետ բերում է նաև որակ ու մատչելիություն: Կարծում եմ՝ դրա արդյունքում ամեն մեկը կփորձի որակյալ ու մատչելի ծառայություններ մատուցել: Մենք ակնկալում եք, որ արդյունքում ավիատոմսերը կէժանանան: Ի տարբերություն նախկինի, երբ «Արմավիան» միակ փոխադրողն էր, երեքի առկայությունը, կարծում եմ, կազդի տոմսերի սակագնային քաղաքականության վրա»,- ասաց նա:

 

Անդրադառնալով «Արմավիա» ավիաընկերության սնանկացման հարցին և թե որքանո՞վ են հայկական ավիափոխադրողները ապագայում ապահովագրված լինելու դրանից՝ Սահակ Հակոբյանը նշեց, որ պետությունն իր վրա չի կարող վերցնել այդ ընկերությունների ֆինանսական հոսքերի մոնիթորինգը, քանի որ դա կհակասի փակ շուկայական հարաբերություններին:

 

«Մենք հույս ունենք, որ կստեղծվի մրցակցային դաշտի և ավիափոխադրողները կփորձեն իրենց կողմը ուղևորներ գրավել և դա կհանգեցնի ֆինանսական կայուն վիճակի»,- ասաց նա: