Fonterra ընկերությունը խոստովանել է, որ իր արտահանվող կաթնամթերքը կարող է բոտուլիզմ առաջացնել
Նոր Զելանդիայի իշխանություններն այսօր պաշտոնապես տեղեկացրել են մի շարք երկրների, որ իրենց շուկաներում վաճառվող Fonterra ընկերության կաթնամթերքը կարող է վարակված լինել բոտուլիզմ առաջացնող մանրէով, հայտնում է ИТАР ТАСС գործակալությունը։ Նման նախազգուշացումներ են ուղարկվել Ավստրալիա, Վիետնամ, Չինաստան, Մալայզիա, Սաուդյան Արաբիա և Թաիլանդ:
Fonterra-ի ներկայացուցիչներն այսօր հրապարակայնորեն խոստովանել են, որ անցկացված ստուգումներից հետո բոտուլիզմ առաջացնող Clostridium botulinum են հայտնաբերել սպիտակուցի մեջ, որն օգտագործվում է մանկական կաթնային խառնուրդների և սպորտային խմիչքների արտադրության ժամանակ: Արդյունքում՝ նշված երկրների շուկաներից հետ է կանչվելու մինչև հազար տոննա կաթնամթերք:
Fonterra ընկերությունը կաթնամթերքի ամենախոշոր արտադրողներից և արտահանողներից է: Նրան է պատկանում կաթնամթերքի համաշխարհային արտահանման 30 տոկոսը:
Ընկերությունն աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում կաթնամթերքի արտադրության քանակով՝ տարեկան արտադրելով 2 մլն տոննա կաթնամթերք: Այն արտահանում է իր արտադրանքը 100 երկրների շուկաներ, նրա ամենամեծ հաճախորդներն են Ավստրալիան, Ասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի երկրները:
Ավելի վաղ նորզելանդական այս ընկերությունն արդեն ներգրավված է եղել երեխաների զանգվածային թունավորման հետ կապված սկանդալի մեջ:










